Տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը
07/03/2025 16:57

Տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական ծրագրերի առաջարկները: ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 5 ծրագրային նախագծերից և 1 բրենդավորման (տարբերանշանի) փաթեթից հանձնաժողովը պետք է ընտրի և հաստատի այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են հոբելյանական միջոցառումների ցանկում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը. «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանի կազմակերպումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում. առաջնահերթ առաջարկում եմ քննարկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարության առաջարկները»:

Ծրագրերը դիտարկելու և քննարկելու նպատակով Ժաննա Անդրեասյանն առաջարկել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղե­կավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին ներկայացրել նախագծերի բովանդակությունը, իսկ տնօրեն Նորայր Նազարյանին՝ ծրագրերի ուղղվածությունն ու աշխարհագրությունը:

Ըստ ներկայացված առաջարկների՝ հոբելյանական ծրագրի շրջանակում Հայաստանում նախատեսվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ երաժիշտների ու դիրիժորների համատեղ համերգներ, հյուրախաղեր եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, ՀՀ մարզերում: Նվագախմբի տնօրենը նաև տեղեկացրել է, որ առաջարկում են պատրաստել տեսաֆիլմ 100-ամյա նվագախմբի անցած ճանապարհի և այժմյան գործունեության մասին:

Տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը