.jpg)
Երևի մեր բնագավառում էլ մի Նաիրի Սարգսյան պետք է լիներ, որ մեր հարցն էլ ծանոթով առաջ տանեին, ոսկու բիզնեսում հավանաբար կա. Տնտեսվարող (Տեսանյութ)
Կառավարության շենքի առջև առևտրականները շարունակում են բողոքի ակցիան՝ շահութահարկի շեմի բարձրացման դեմ։
Լրագրողների հետ զրույցում տնտեսվարողներից տիկին Կարինեն նշեց, որ իրենց հիմնական խնդիրն ապրանքը գույքագրելու պահանջն է․ «Մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու»։
Նա նշեց, որ իրենց բողոքի ակցիաներից, տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո դրական ոչ մի քայլ չեն տեսել։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է, որ Ոսկու շուկայի աշխատողների խնդիրը լուծվեց՝ հիշեցնելով, որ նրանք հանդիպել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, բողոքի դուրս եկած տնտեսվարողը պատասխանեց, որ հանդիպումը եղել է վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանի առաջարկով։
«Նենց չի, որ իրենց հարցը լուծում է ստացել, դեռ քննարկման շեմին է, բայց խաբեություն է։ Երևի մեր բնագավառում էլ մի Նաիրի Սարգսյան պետք է լիներ, որ մեր հարցն էր առաջ տանեին, չգիտեմ, ծանոթով, բարեկամով է երևի։ Իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց երևի Նաիրի Սարգսյանը ոսկու բիզնեսի մեջ կա»,-ասաց նա։
Երբ հաստատեցին՝ նա խոստովանել է, որ բիզնեսով է զբաղվում, արձագանքեց. «Դե եթե բիզնեսմեն է, ինքն էլ պետք է իր շահերի համար բանավիճի»։