.jpg)
«Մեզ համար շատ կարևոր է, որ բոլոր գերիները վերադարձվեն Հայաստան». ՔՊ-ականը վստահեցնում է՝ իշխանությունը խնդիր չի տեսնում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվից վերադառնա
ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը վստահեցնում է, թե օգտագործում են հնարավորություններն ու լիազորությունները, որ միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրեն Բաքվի բանտում հայ ռազմագերիների խոշտանգման վրա։
«Ոչ միայն ուշադրություն հրավիրեն, այլև՝ գործուն քայլեր ձեռնարկեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, թե աշխատանքները երբեք չեն դադարել ու նվազել։
«Հայաստանն ունի կառավարություն, այն, ինչ տեղի է ունեցել ու տեղի է ունենում, դրա շուրջ աշխատանքներ տարվում են»,- նշեց նա։
Ըստ ՔՊ-ականի՝ երբ ասում են, որ պետք է բարձրաձայնել, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, դրանում սադրանք կա։
«Երբ աշխատանք է տարվում ու դրա մասին տեղեկացվում է... կարծում եմ՝ պետք է ոչ թե աշխատանքի ամբողջ բովանդակությունը հայտնի դարձնել, այլ աշխատանքը, որի արդյունքում մենք անմիջապես բանակցելով՝ կարողացել ենք 32 գերիների վերադարձնել, հետևաբար, այն թեզը, որ առաջ են բերում, սին է»,- ընդգծեց նա։
Բաքոյանը վստահեցրեց, թե Հայաստանի իշխանությունը խնդիր չի տեսնում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվից վերադառնա Հայաստան։
«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խնդիր պետք է տեսնի, դուք խնդի՞ր եք տեսնում։ Դուք փորձում եք սադրել։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր գերիները վերադարձվեն Հայաստան՝ առանց բացառության»,- հավելեց ՔՊ-ականը։