Եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, պետք է համագործակցի Բաքվում ընթացող դատական պրոցեսի հարցում․ Հիքմեթ Հաջիև
13/03/2025 14:19

Եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, պետք է համագործակցի Բաքվում ընթացող դատական պրոցեսի հարցում․ Հիքմեթ Հաջիև

Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝  հեռացնելով Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները, այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Եթե Երևանը խաղաղություն է ցանկանում, պետք է համագործակցի Բաքվում ընթացող դատական պրոցեսի հարցում»,- ասել է նա։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել այն։

Բաքվի բանտերում են 23 հայ գերիներ, որոնց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է սկսել՝ իր բողոքն արտահայտելով Ադրբեջանում ընթացող դատական ֆարսի դեմ։

Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում։

Տեսաուղերձով էր հանդես եկել նաև Ռուբեն Վարդանյանի որդին՝ հայտարարելով, որ հայրը ենթարկվել է խոշտանգումների։

Վարդանյանը բարձրաձայնել է իր իրավունքների կոպտագույն խախտումների, հոգեբանական ճնշումների մասին, նաև, որ զրկված է պաշտպանության իրավունքից, 422 հատորանոց ու սխալներով թարգմանված գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չեն տրամադրել, իսկ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ ու ստանալ գործի նյութերը: