.jpg)
ԵՄ դիտորդները շարունակելու են իրականացնել առաքելությունը, քանի դեռ համաձայնագիրը չի ստորագրվել, հետո արդեն պետք է քննարկում ունենանք ԵՄ գործընկերների հետ․ ԱԳ նախարար
ԵՄ դիտորդների մանդատների մեջ հստակ ֆիքսված նպատակ կա՝ նպաստել սահմանի երկայնքով և սահմանմերձ շրջաններում կայունության և խաղաղության գործընթացին. լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ԵՄ դիտորդները համաձայնագրի ստորագրումից հետո գնալո՞ւ են, թե՞ մնալու են՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ իրենք բազմիցս ասել են՝ շատ մեծ կարևորություն են հաղորդում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը․«Նույնիսկ փաստում ենք, որ իրենց տեղակայումից հետո մենք լայնածավալ էսկալացիաներ չենք ունեցել և դա ինչ-որ առումով իրենց գործունեության շնորհիվ է։ Հետևաբար, մենք իսկապես երախտապարտ ենք և գնահատում ենք, նրանք շարունակում են և շարունակելու են իրականացնել առաքելությունը քանի դեռ համաձայնագիրը չի ստորագրվել»։
Միրզոյանը նշեց՝ երբ որ պայմանագիրը կստորագրվի, կվավերացվի և կմտնի ուժի մեջ, դա կնշանակի, որ խաղաղություն է հաստատված․
«Իրենց գործառույթը նպաստել էր խաղաղությանը, եթե մտավ ուժի մեջ՝ խաղաղությունը հաստատված է, հետևաբար, ԵՄ մեր գործընկերների հետ, երևի, պետք է քննարկում ունենանք այն մասին, թե ինչպիսի փոփոխություն է պետք մտցնել մանդատում, ինչ այլ համագործակցություն է պետք է ծավալել»,-ասաց նա։