.png)
«ՀՀ-ն հայ ժողովուրդն է, ոչ թե Փաշինյանը և իր խմբակը». պահանջեցին՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն գերիներին և ներկա լինեն կեղծ դատավարությանը
Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով հերթական ակցիան այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց է։
Քաղաքացիները պահանջում են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այցելել Բաքվում պահվող մեր գերիներին և ներկա գտնվել կեղծ դատավարությանը։
«ԱԳՆ-ի, Կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեր ակցիաները բավական մեծ արձագանք են ստացել և կարևոր է, որ, ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի, որ ՀՀ քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են մեր հայրենակիցների համար և սպասում են նրանց վերադարձին։ Որ ՀՀ-ն հայ ժողովուրդն է, և ոչ թե Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը»,-ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Ըստ նրա, թեև այս ընթացքում կար որոշակի թերահավատություն, որ միջազգային հանրությունն առանց իշխանությունների գործողությունների հայ ժողովրդին ականջալուր չի լինի, ականատես եղան, որ որոշակի քայլեր ձեռնարկվեցին՝ սկսած ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի պահանջից՝ գերիներին ազատ արձակելու, մինչև ԵԽ-ի ընդունած բանաձև։
«Այս ամենը հանրության պահանջատիրության և պայքարի արդյունքն է, և այս պայքարի արդյունքում է հնարավոր հասնել այդ խնդիրների կարգավորմանը»,-ասաց նա։