Հայաստանում կհնչի «Աշխարհի արարումը» օրատորիան
14/03/2025 22:19

Հայաստանում կհնչի «Աշխարհի արարումը» օրատորիան

Երկարատև դադարից հետո հայ հանդիսատեսը նորից հնարավորություն կունենա վայելելու դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիան։

Համերգը տեղի կունենա մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ելույթով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և  «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան)։

Մենակատարներ՝ Նելլի Քալաշյան (սոպրանո), Շահանե Աղաքարյան (սոպրանո), Գուրգեն Պողոսյան (տենոր) և Աշոտ Ղանթարջյան (բաս-բարիտոն)։

Համերգը կղեկավարի իսպանացի անվանի դիրիժոր Ուլիսես Իյանը։ Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետը, ով վարպետորեն ղեկավարում է ինչպես սիմֆոնիկ, այնպես էլ օպերային ռեպերտուարներ՝ Բարոկկոյից մինչև ժամանակակից շրջանի ստեղծագործություններ, իր էներգիայով ու փորձով նոր շունչ կհաղորդի Հայդնի «Աշխարհի արարումը» վեհաշուք օրատորիային։

Ուլիսես Իյանը ղեկավարել է այնպիսի նշանավոր կոլեկտիվներ, ինչպիսիք են՝ Haydn Sinfonietta Wien-ը, Festival Strings Lucerne-ը և Orquesta Sinfónica de Radio Televisión Española-ն:

Ստեղծագործության մասին

Յոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիան համարվում է նրա գլուխգործոցներից մեկը, որը գրվել է 1796-1798թթ. ընթացքում։ Առաջին անգամ կատարվել է Վիեննայում 1798 թ.։

Օրատորիան ներկայացնում և փառաբանում է աշխարհի արարումն՝ ինչպես այն նկարագրված է Աստվածաշնչի Հին Կտակարանի Ծննդոց գրքում և Ջոն Միլթոնի «Կորսված դրախտը» պոեմում։

Այն կառուցված է երեք մասից.

Առաջին մասը վերաբերում է լույսի, երկնքի և երկրի, արևի և լուսնի, ցամաքի ու ջրի և բույսերի ստեղծմանը։

Երկրորդ մասը վերաբերում է ջրային և ցամաքային կենդանական աշխարհի ու մարդու  ստեղծմանը:

Եզրափակիչ մասը նկարագրում է Եդեմի պարտեզում Ադամի և Եվայի երջանիկ առաջին ժամերը։

 

Հայաստանում կհնչի «Աշխարհի արարումը» օրատորիան