.jpg)
Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ և այլն:
Կարևորելով ծրագիրը՝ նախարարը նշել է, որ Մանուշյանական շաբաթվա միջոցառումները կյանքի են կոչվել հայ և ֆրանսիացի գործընկերների համատեղ ջանքերով:
«Մանուշյանական շաբաթվա միջոցառումներում շեշտվող արժեքներն ու գաղափարները, վստահ եմ, շարունակական են լինելու՝ որպես առանցքային քաղաքականություն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություներում: Կարծում եմ՝ դեռևս բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացնելու»,-ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հաջողված համագործակցության համար:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պատահական չէ նաև, որ Մանուշյանական շաբաթվա շրջանակում ազդարարվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների մեկնարկը, որը, ըստ նախարարի, առաջին հերթին արժեքների երկխոսության մասին է:
«Մանուշյանական շաբաթ» ծրագրի շրջանակում միջոցառումները մեկնարկել են մարտի 14-ից, կավարտվեն վաղը՝ մարտի 18-ին: