Սա խաղաղություն չէ, Հայաստանի նվաստացման պրոցես է գնում. Մանե Թանդիլյան
20/03/2025 11:53

Սա խաղաղություն չէ, Հայաստանի նվաստացման պրոցես է գնում. Մանե Թանդիլյան

Իշխանությունների այն պնդումը, որ եթե խաղաղություն լինի, գերիների վերադարձի հարցն էլ կլուծվի, Մանե Թանդիլյանը համարում է մանիպուլյատիվ։

«Նման է այն մոտեցմանը, որ, օիրինակ, եթե սահմանազատման հետևանով այսինչ գյուղը չտանք, պատերազմ կլինի, եթե տանք, չգիտենք՝ կլինի՞, թե՞ ոչ։ Եթե խաղաղությունը չկնքենք, չեն վերադարձնի գերիներին, կնքենք՝ միգուցե։

Անկհայտ է, որ սա մանիպուլյատիվ նարատիվ է։ Եվ ակնհայտ է, որ այս օրակարգում Ադրբեջանը շարունակում է հրապարակային պահանջները»,-կառավարության առջև բողոքի ակցիային հայտարարեց Թանդիլյանը։

Նա պնդեց՝ Հայաստանի նվաստացման պրոցես է գնում․ «Սա խաղաղություն չէ, խաղաղությունը այսպես չի կայանում։ Կայանում է, երբ ժողովուրդների միջև աստիճանաբար հաշտեցում է գնում։ Նրանց դասագրքերը նայ՛ք, տեսեք, թե ինչ են խոսում հայերի մասին։ Այո՛, ՀՀ իշխանությունների օրակարգում ուղղակի բացակայում է գերիների վերադարձի հարցը, այնինչ պետք է լիներ առաջնահերթություն և բոլոր զրույցներում ներառված լիներ որպես անկեղծ, իրական խաղաղության օրակարգի կարևորագույն մաս»։