.jpg)
Արայիկ Հարությունյանն ասել է՝ «այլևս չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ». Արթուր Վանեցյան
Արցախի նախկին նախագահները երեք անգամ Արայիկ Հարությունյանին համոզել են, որ հրաժարական չներկայացնի, 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Վերջում Արայիկ Հարությունյանն ասել է՝ «ես այլևս չեմ կարողանում, Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի իշխանություններն ինձ այլևս չեն լսում, ես պետք է հրաժարական տամ»։ Արայիկ Հարությունյանն ասել է, որ եթե ինքը մնա, Արցախը կորցնելու են, որևէ շանս չկա։ Որոշում է կայացվել, Արայիկ Հարությունյանն էլ այդ որոշման ջատագովն է եղել, որ Արցախի նախագահ ընտրվի Սամվել Շահրամանյանը, ով փորձել է անել ամեն ինչ, որ լուծի Արցախի ու Արցախի բնակչության հարցերը»,- ասել է Վանեցյանը։
Նա պատմել է, որ երբ 2023-ին Ադրբեջանը ներխուժեց Արցախ, Սամվել Շահրամանյանին ադրբեջանական կողմը փոխանցել է ռուսալեզու փաստաթուղթ։
«Թղթում առաջին տողում գրված է եղել՝ նոր իրողությունների պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, հիմա որոշում պետք է ընդունել, որ այլևս չկա այդ պետությունը։ Սամվել Շահրամանյանն էլ դիմել է խորամանկության, ասել է, որ խորհրդարանում չի կարող որոշումն անցկացնել, թուղթն ուղարկվել է Նիկոլ Փաշինյանին, որևէ արձագանք չի տվել, ասել է՝ ինչ ուզում եք, արեք։ Դրանից հետո Սամվել Շահրամանյանը հասել է նրան, որ ստեղծվել է հրամանագրի տեքստ, որը ոչ մեկ չի տեսել, ինչո՞ւ չենք տեսել, որովհետև այդ փաստաթուղթը չկա, դա արվել է միայն մի բանի համար, որ ապահովվի արցախցիների անվտանգությունը»,- նշել է Վանեցյանը։
Նա ասել է, որ Հայաստանում Սամվել Շահրամանյանը հրամանագիրը չեղարկել է։