.jpg)
Հայաստանի հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը շատ վատ վիճակում է. թիմում լավ ֆուտբոլիստներ կան, բայց չկա Հենրիխ Մխիթարյանը, ով ունի առաջնորդի հատկություններ. Արթուր Վանեցյան
Նիկոլ Փաշինյանն անվերջ պարտությունների սիմվոլ է, քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը որևէ հաջողություն որևէ տեղ չի ունենալու, 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը` խոսելով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի վերջին խայտառակ պարտություններից։
«Մեղավորներից մեկն ինքն է, ֆեդերացիայում ստեղծվել է մի իրավիճակ, որը չի արտացոլում իրական պատկերը, թե ինչ են ուզում ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները։ Մենք տեսնում ենք, որ ֆան ակումբներն ու ֆուտբոլով հետաքրքրված մարդիկ պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, զրո արձագանք»,- նշել է Վանեցյանը։
Նա հիշեցրել է, թե ինչ պայմաններում տեղի ունեցավ իր հրաժարականը, երբ ինքն էր ՀՖՖ նախագահը։
«Երբ քաղաքականությունը խառնվեց ֆուտբոլին, որպեսզի ես ֆուտբոլին չվնասեմ, որոշում կայացրեցի ու ինքնակամ հեռացա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, ՀՖՖ նախագահին հեռացնելու տարբերակ իշխանությունները չունեին, նրանք պետք է վնաս տային ֆուտբոլին, որն իմ համար անընդունելի էր»,- նշել է Վանեցյանը։
Նա նշել է, որ Հայաստանի հավաքականում բարոյահոգեբանական մթնոլորտը շատ վատ վիճակում է։
«Թիմում լավ ֆուտբոլիստներ կան, բայց չկա Հենրիխ Մխիթարյանը, ով, բացի նրանից, որ շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, նաև ունի առաջնորդի հատկություններ, անվերապահ հեղինակություն»,- ասել է ՀՖՖ նախկին նախագահը։