.jpg)
Արցախցիներին միավորող ուժը պետք է լինի ոչ թե սոցիալական պայքարը, այլ վերադարձի իրավունքը առաջ տանելը. Ռոման Երիցյան (Տեսանյութ)
Ես անտրամաբանական եմ համարում սոցիալական որևէ պահանջ ներկայացնել այն իշխանությանը, որը միջազգային ատյաններից հետ է կանչել Ադրբեջանի դեմ դատական հայցերը, որը հրաժարվում է արցախցի զինվորականների չօգտագործված արձակուրդների համար վճարել, այս իշխանությունը հափշտակել է արցախցիների կուտակային կենսաթոշակները, հրաժարվում է պայթյունի հետևանքով մահացած արցախցիներին որևէ կարգավիճակ տալ. այս շարքը շարունակ կարելի է թվարկել, եթե քաղաքական իշխանությունը վարում է այսպիսի քաղաքականություն, ուրեմն 40+10 ծրագրի կամ բնակարանային ապահովման համար իշխանությանը դիմելն անհարկի է, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Արցախի ամբողջ պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ հայկական իշխանությունը Արցախի էջը համարում է փակված։ Երբ նշում եմ, որ Հայաստանի իշխանությունից ձերբազատվել է պետք, նման հայտարարության ամենակարևոր շարժառիթը հենց սա է. ես որպես արցախցի՝ անկախ Հայաստանի իշխանության դիրքորոշումից, երբևէ չեմ համարելու Արցախի էջը փակված, երբևէ չեմ հրաժարվելու Արցախից, երբևէ չեմ հրաժարվելու վերադարձի իրավունքից։
Ես կարծում եմ, որ արցախցիներին միավորող ուժը պետք է լինի ոչ թե սոցիալական պայքարը, այլ վերադարձի իրավունքն առաջ տանելը։ Արցախցուն վայել չէ սոցիալական խնդիրների լուծում պահանջել մի իշխանությունից, որը Արցախի էջը համարում է փակված, վերադարձի իրավունքից էլ հրաժարվում է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։