.jpg)
Նիկոլ Փաշինյանը խոստացավ՝ Հայաստանը չի դարձնի բեսպրեդելի սև խորշ՝ աշխարհի քարտեզի վրա
2018 թվականի հեղափոխությունից հետո, միայն 2024 թվականի արդյունքներով, Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելի քան կրկնապատկվել են՝ ավելանալով 1.3 տրիլիոն դրամով, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հեղափոխութունից հետո միայն 2024 թվականին ՀՀ պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3.3 միլիարդ դոլար։
Փաշինյանը խոստովանեց՝ մինչ հեղափոխությունն էլ ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճ ունեցել են, որևէ մեկը չի կարող ժխտել։
«Բայց 2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ ՀՀ պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, թե իրենք թալանածը ետ բերելու մասին խոստումը չեն մոռացել. «Բա 4.2 միլիարդ դոլարն օդի՞ց է ընկել»։
«Թալանվածը հետ բերելու համար, նախ, պետք է հասկանալ թալանվածի տեղն ու թալանի մեխանիզմը, որն, առաջին հերթին, ստվերային տնտեսությունն է, արհեստական մենաշնորհները, հարկերից խուսափելը։ Պետք է խոստովանեմ, որ թալանվածը ետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակագը մոռացության մատնելը մեր հասցեին հնչող ամենահաճախ մեղադրանքն ու քննադատությունն է, բայց ուզում եմ ասել, որ կտրականապես մերժում եմ այդ քննադատությունը»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա ասաց, թե ինքը խոստացել էր, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի ու գերակայության երկիր։
«Պետք է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին ու Հայաստանը չդարձնել բեսպրեդելի սև խորշ՝ աշխարհի քարտեզի վրա, այլ, ընդհակառակը, օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի ու ինստիտուցիոնալ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։