.jpg)
Ասթման չունի սահմաններ. այն կարող է հանդիպել ցանկացած տարիքի, սեռի և սոցիալական կարգավիճակ ունեցող անձի մոտ
Մեր երկրում ևս հազարավոր մարդիկ ապրում են ասթմայով, նրանցից շատերը՝ երեխաներ։ Բրոնխիալ ասթման կարելի է վերահսկել։
Ի՞նչ է ասթման
Շնչուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որն առաջացնում է պարբերաբար կրկնվող՝
շնչահեղձություն,
կրծքավանդակում սեղմոցի զգացում,
խզզոցներ,
հազ, հատկապես` գիշերը կամ վաղ առավոտյան։
Ասթմայի հիմնական հրահրող գործոններն են՝
ալերգենները (տան փոշի, բորբոսասնկեր և այլ),
վիրուսային շնչառական վարակները,
ծխախոտի ծուխը, ներառյալ` պասիվ ծխի ազդեցությունը,
օդի աղտոտվածությունը և արդյունաբերական գոլորշիները,
սառը կամ չոր օդը,
ֆիզիկական ակտիվությունը (մասնավորապես` ցուրտ պայմաններում),
սթրեսը կամ ուժեղ էմոցիաները,
որոշ դեղեր:
Ասթմայի բուժման բացակայության դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ՝
հաճախակի սրացումներ՝ շտապ բուժօգնության կամ հոսպիտալացման անհրաժեշտություն,
քնի խանգարում և հոգնածություն,
բուժման երկարատև բացակայության դեպքում՝ շնչուղիների անշրջելի փոփոխություններ,
ծայրահեղ դեպքերում՝ կյանքին վտանգ սպառնացող ասթմատիկ վիճակ:
Ինչպե՞ս վերահսկել ասթման
Բազմաթիվ մարդիկ կարողանում են ապրել ակտիվ և լիարժեք կյանքով, երբ`
տեղեկացված են հիվանդության մասին,
բժշկի օգնությամբ ստեղծել են ասթմայի կառավարման անհատական պլան,
դեղորայքն օգտագործում են կանոնավոր, նույնիսկ, եթե չկան ակնհայտ ախտանշաններ,
վարում են առողջ կենսակերպ` չեն ծխում, զբաղվում են չափավոր ֆիզիկական ակտիվությամբ, վերահսկում են ալերգիաները:
Արմինե Հակոբյան
Ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու