.jpg)
Հասարակական շահի տեսակետից լկտի օրենք է, որով շատ հարուստների երեխաներ բանակից կազատվեն. Կարեն Վրթանեսյան
Օրենքի այս նախագիծը շատ հստակ, անթաքույց և լտի ձևով շատ հարուստների երեխաների բանակից ազատելու մասին է. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական այն նախագծին, որով 18 տարին լրացած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ծառայել 6 ամիս կամ վճարել 20 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս։
«Սա իրենց առաջին նմանատիպ օրենքը չէ։ Իրենք նախ սկսեցին ավելի մեղմ տարբերակից, երբ 27 տարին լրացած և պարտադիր ծառայությունից խուսափած անձինք կարող էին վճարել և ազատվել պարտադիր ծառայությունից, և հիմա էլ, փաստացի, հասարակական շահերի տեսակետից էլ ավելի լկտի օրենք են առաջ բերում՝ բանակից ազատվելու հնարավորությունները էլ ավելի ընդլայնելով։ Օրենքի այս նախագիծն, ըստ էության, ուղիղ խախտում է ՀՀ Սահմանադրության այն հիմնական դրույթը, ըստ որի, ՀՀ-ն սոցիալական երկիր է»,-ասաց Վրթանեսյանը։
Ռազմական փորձագետի խոսքով՝ այս օրենքը փաստացի Հայաստանի մի քանի 100 ընտանիքի համար է։
«Նիկոլ Փաշինյանը, որ ներկայանում է իբրև «ժողովրդի վարչապետ», իրականում ակնհայտ է, որ սպասարկում է օլիգարխիկ շահեր ու կոնկրետ շատ մեծահարուստ ընտանիքների»,-ասաց նա։
Վրթանեսյանը նշեց, որ Փաշինյանի հռետորաբանությունը և բուն քայլերն անկհայտորեն իրարից տարբերվում են․«Հռետորաբանությամբ բոլոր պոպուլիստները ներկայանում են որպես ժողովրդի կողքը կանգնած, ժողովրդի կամքը միակ արտահայտող, որպես ժողովրդին օլիգարաներից, մեծահարուստներից ու կոռումպացված էլիտաներից պաշտպանող, մինչդեռ դրանք ստանդարտ պոպուլիստական խոսույթներ են, և շատերն են հավատում այդ խոսույթներին, բայց աչքներիս առաջ նրա քաղաքականությունից շահում են կոնկրետ խմբեր։ Ու դա ժողովուրդը չի։ Ժողովուրդը դառնում է միայն, իր իսկ խոսքերով, «տուգանքի մատերիալ»»։
Բերված արդարացումները՝ այսպես թե այնպես, շատ հարուստների երեխաներ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայեն, Վրթանեսյանը հիմնավոր չհամարեց. «Անիմաստ է քննարկել իրենց արդացումները, որովհետև իրենք միշտ, նույնիսկ ամենասարսափելի, ստոր քայլին ինչ-որ արդարացում գտնում են։ Իրենք, կոպիտ ասած՝ «կռուտիտի աստվածներ են», բայց դրանք կապ չունեն և հաճախ հիմնված են ստերի ու մանիպուլյացիաների վրա։ Այս պահին, եթե իրենք մի բան պետք է ասեն՝ կհորինեն»։
Ռազմական փորձագետը նկատեց, որ բանակում արդեն իսկ լուրջ խնդիրներ կան, և պայմանների վատթարացումը նկատելի է։ Ըստ նրա, թեև պաշտոնապես չեն հայտարարում դրա մասին, բայց բանակում զինծառայողների թվաքանակը կրճատում են։
«Դա ակնհայտ է, հակառակ դեպքում, այսպես կոչված՝ վարժական հավանքների կարիքը չէր լինի, որոնք պարտադիր մարտական հերթապահություն են իրականացնում, մարդկանց տանում են դիրքեր՝ սահման պահելու։ Այսպիսով՝ բանակում մարդկանց թվաքանակը կրճատվում է, ծառայության պայմանները դժվարանում են։ Մեծահարուստների համար էլ նորանոր հնարավորություններ են ստեղծում այդ ծառայությունից խուսափելու համար»,-ասաց նա։