Վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվությունը կխստացվի
15/05/2025 11:54

Վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվությունը կխստացվի

Քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվությունը կխստացվի. որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

«Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն սահմանվում են քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը, հստակեցվում է կատարվող հանցավոր արարքի նկարագրությունը, խստացվում է մի շարք ոչ իրավաչափ հանգամանքների զուգորդմամբ վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը, ինչպես նաև հստակեցվում է ռազմական ոստիկանության լիազորությունների շրջանակը»,-նշվում է նախագծում։

Ըստ այդմ` վարժական հավաքներից խուսափելու դեպքում քաղաքացին կպատժվի տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Եթե արարքը, որը կատարվել է՝ իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է ազատազրկմամբ' երկուսից հինգ տարի ժամկետով:

Հանցանք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայացել և ներգրավվել է վարժական հավաքին:

Վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատասխանատվությունը կխստացվի