.png)
Ո՛չ լռություն, ո՛չ մոռացում․ գերիների վերադարձը՝ համահայկական պահանջ. Շաքե Իսայանի զրույցը՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ (Տեսանյութ)
Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ զրույցը։
«Զրույցից առանձնացրել եմ մի քանի կարևոր հարցադրում, որոնք մեզանից յուրաքանչյուրի խղճի և քաղաքացիական գիտակցության ուղղակի հասցեատերն են․
- Ինչպե՞ս կարող ենք արդյունավետ պայքարել մեր գերիների վերադարձի համար։
- Աշխարհասփյուռ ազդեցիկ հայերը՝ գործարարներ, արվեստագետներ, մտավորականներ, ի՞նչ իրական ներդրում կարող են ունենալ այս խնդրի լուծման գործում։
- Ի՞նչ կարող է անել յուրաքանչյուր շարքային քաղաքացի իր տեղում, իր դերում՝ բացառելով լռությունն ու անտարբերությունը։
- Ի՞նչ ռիսկեր ենք կրում, եթե Հայաստանը հրաժարվի միջազգային դատական հայցերից։
Կարո՞ղ ենք պատկերացնել մի սցենար, երբ այդ հրաժարումը հավասարազոր է գերիների մոռացման, անհետ կորածների գործերի փակման ու պատերազմական հանցագործությունների անպատժելիության հաստատմանը։
Եթե պետությունն ընտրում է լռությունը և հրաժարվում է իրավական պայքարից, ի՞նչ ուղերձ է հղում միջազգային հանրությանը և, ամենից ցավալին, սեփական քաղաքացիներին...
Գերիների հարցը պահանջում է արթուն խիղճ։
Այն չի կարող հայտնվել օրակարգում և անհետանալ՝ կախված քաղաքական զարգացումներից:
Գերիներին վերադարձնելու կամքը և կարողությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը վերածվել են մեր պետության վերջին բարոյական հենասյան։
Լռությունը շռայլություն է, որն այս պահին մենք՝ որպես հասարակություն, մեզ թույլ տալ չենք կարող: Պետությունը մեր լռությունը վերափոխում է համաձայնության, և այդ լռության վրա կառուցվում է անպատասխանատվությունը...»,-գրել է նա։