Չունևոր խավից բանակ են ուզում սարքել, սա լուծում չի. Հայկ Նահապետյան
22/05/2025 15:54

Չունևոր խավից բանակ են ուզում սարքել, սա լուծում չի. Հայկ Նահապետյան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանել վճարովի կարճաժամկետ զինվորական ծառայություն։ Թեև նախագիծն ընդունվել է որոշակի փոփոխություններով, դրա առանցքը պահպանվել է. առաջարկվում է պարտադիր զինծառայության նոր ձևաչափ, որը, ըստ իշխանությունների, նպատակ ունի արդիականացնել զինծառայության համակարգը և տալ ընտրության հնարավորություն:

Ըստ նոր տարբերակի՝ զինծառայության մեկամսյա տարբերակը կարժենա 24 միլիոն դրամ, իսկ չորսամսյան՝ 18 միլիոն։ Զորակոչի ընթացքում, ըստ կառավարության որոշման, սահմանվելու է դիմումների առավելագույն քանակը։ Բացի այդ, պարտադիր զինվորական ծառայության համար սահմանվել է առավելագույն տարիքը՝ 32։ Օրենքի նախագծում ամրագրվել է նաև, որ մինչև 16 տարին լրանալն արական սեռի ՀՀ քաղաքացիներն օրենքի ուժով ձեռք են բերում 15 միլիոն դրամի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու կամ զինվորական հաշվառման վերցվելու փաստով։

Նախագծի ընդունումը և դրա հիմնավորումները հանրային լայն քննարկման առիթ են դարձել։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, ում հետ զրուցել ենք կառավարության այս որոշման շուրջ, համոզված է՝ նախագիծը վտանգում է Հայաստանի պաշտպանունակությունը և խորացնում հասարակության մեջ արդարության ճգնաժամը։

«Եթե Հայաստանի իշխանությունները ձգտում են խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, նշանակում է՝ մենք պատերազմում ենք։ Պատերազմի մեջ գտնվող երկրում նման որոշումներն ուղղակիորեն հարվածում են ազգային անվտանգությանը։ Այս նախագիծը, ըստ էության, առաջացնում է նոր սոցիալական անհավասարություն։ Եթե ունևոր մարդը կարող է 15 միլիոն դրամ վճարելով ազատել իր զավակին ծառայությունից, կամ՝ պարզապես հրաժարվել քաղաքացիությունից, դա դառնում է հերթական շերտը՝ առանց այն էլ սրված ներքաղաքական և սոցիալական լարվածության վրա», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նահապետյանը։

Փորձագետը նշեց, թե բանակն աստիճանաբար վերածվում է չունևորների ծառայության վայրի, ինչը վտանգավոր միտում է։

«Երբ ունևոր քաղաքացին հնարավորություն ունի խուսափելու ծառայությունից, իսկ չունևոր ծնողն անգամ երաշխավորված չէ, որ իր զավակը կվերադառնա ծառայությունից ողջ ու առողջ, այդ ծնողը ստիպված կլինի վաճառել միակ տունը և քաղաքացիությունից հրաժարվել։ Սա արդեն հարված է երկրի պաշտպանունակությանն ու ներքին համերաշխությանը», - ընդգծեց նա։

Նահապետյանը մտահոգված է նաև նախագծում նշված տարիքային շեմով։ Ըստ նրա՝ 32 տարեկանը որպես պարտադիր ծառայության վերին սահման դիտարկելը խթան է արտագաղթին․«Ակնհայտ է՝ սա ոչ միայն նպաստելու է արտագաղթին, այլև բացասական է ազդելու մեր ժողովրդագրության վրա։ Այսպիսի փոփոխությունները ձեռնտու են միայն Ադրբեջանին։ Սա ամենաարդյունավետ ձևն է՝ լուծարելու Հայաստանի Զինված ուժերը»։

Փորձագետի գնահատմամբ՝ կառավարությունը գիտակցաբար շարժվում է բանակի աստիճանական լուծարման ճանապարհով։

«Լուծարման երկու ձև կա՝ հրամանագիր ստորագրելով փակել կառույցը, ինչպես 2018-ին եղավ որոշ նախարարությունների դեպքում, երկրորդն աստիճանաբարն է, ինչը հիմա են անում։ Ժամկետային զինծառայողների թիվը նվազեցնում են, բայց պայմանագրայինների համար սոցիալական մոտիվացիա չեն ստեղծում։ Արդյունքում՝ երկուսն էլ նվազելու են, իսկ բանակը թուլանալու է», - ասաց Նահապետյանը։

Նրա խոսքով՝ պատերազմում հաղթում է ոչ թե տեխնիկան, այլ՝ մարդը.

«Պատերազմում ոչ թե տեխնիկան է չափվում, այլ՝ մարդը, նրա մոտիվացիան, պատրաստակամությունը՝ հրամանը կյանքի գնով կատարելու։ Իսկ մեզ մոտ, երբ պատերազմող երկիր ենք, ամեն ինչ դրվում է սոցիալականի և անարդարության վրա։ Հետևաբար, մենք այսպես պատրաստում ենք մեր հաջորդ պարտությունն Ադրբեջանի հետ բախման ժամանակ»։

Փորձագետը վստահ է՝ իշխանությունների ընդունած այս որոշումը մարտահրավեր է երկրի անվտանգությանը։

«Օրվա իշխանությունների բոլոր օրենքները բերում են նրան, որ մեր բանակը լուծարվի։ Իրենք չեն լուծարում բանակը մի օրում, այլ՝ սահուն քայլերով։ Ինչպես որոշ նախարարություններ փակեցին։ Հիմա նույնը արվում է բանակի հետ, բայց՝ քայլ առ քայլ։ Ոչ թե բանակ են զարգացնում, այլ փորձ են անում ձևավորել չունևորներից բաղկացած բանվորագյուղացիական բանակ՝ մի իրավիճակում, երբ գործարաններ էլ գրեթե չկան։ Սա լուծում չէ։ Մեր երկրում ցանկացած որոշում ուղղակիորեն մարտահրավեր է մեր երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը», - եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
Չունևոր խավից բանակ են ուզում սարքել, սա լուծում չի. Հայկ Նահապետյան