Հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի․ Մետաքսե Հակոբյան (168․am)
29/05/2025 22:03

Հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի․ Մետաքսե Հակոբյան (168․am)

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 168․am-ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը։  

«Սա ադրբեջանական ուղղության քարոզն է, որն իրականացվում է Հայաստանում՝ այժմ արդեն պետական պաշտոնյաների բերանով։ Այս ամենն արդեն առնչվում է ոչ թե Արցախին, այլ Հայաստանին։ Եթե ուշադիր հետևեք, ապա կտեսնեք, որ այս խոսույթը միջազգային որևէ դերակատարի մոտ չկա, կա միայն ՀՀ իշխանությունների մոտ, նրանք են, որ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալը ձևակերպում են՝ որպես իրավունք»,- ասել է Մետաքս Հակոբյանը։

«Երբ մենք հայտարարում էինք, որ մենք Ադրբեջանի դրոշի տակ Արցախում չենք ապրելու, առաջինն ընդդիմացողներն ու ծանր տանողներն այս իշխանություններն էին»,- նշել է նա։

Մետաքսե Հակոբյանի  խոսքով՝ արցախահայերը կարողացան պահել իրենց արժանապատվությունը և չապրեցին ադրբեջանական դրոշի ներքո, թեպետ կատարեցին ծանր ընտրություն։

«Հայաստանի իշխանությունն էլ Ադրբեջանի հետ մտածված շարժում է առաջ տանում, սա անում են նաև Թուրքիայի համար։ Լսեք Թուրքիայի պահանջները, հազարավոր թուրքերի մասին է խոսում, որոնք պետք է գան Հայաստան։ 1918 թվականին Թուրքիային չհաջողվեց ոչնչացնել Արևելյան Հայաստանը, հիմա է ուզում այդ ամենն անել։ Փաստորեն բոլորը միասին կատարում են Թուրքիայի գրեթե մեկ դար տևած երազանքը։

Այսօր արցախցին պետք է ունենա քաղաքական նախաձեռնողական դիրքորոշում, անընդհատ պաշտպանվելով՝ ուժեղացնում է միայն այս իշխանություններին։

Մենք ոչ թե անընդհատ պետք է մեր իրավունքներից խոսենք, այլ պետք է հակադրվենք այս հանձնվող իշխանություններին՝ ցույց տալով, որ ՀՀ-ում ժողովրդի շահերը տանուլ տվող իշխանությունն է։ Առհասարակ հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի, այլ կերպ հնարավոր չէ, որովհետև թշնամին իր ծրագրերը կարճ ժամանակ անց, ցավոք, կյանքի է կոչելու»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի․ Մետաքսե Հակոբյան (168․am)