.jpg)
Միշուստինն ԱՊՀ-ին հրավիրել է միանալու ԵԱՏՄ մաքսային տարանցման համաձայնագրին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հրավիրել է ԱՊՀ գործընկերներին՝ միանալու Եվրասիական տնտեսական միությունում ընդունված միասնական մաքսային տարանցիկ համակարգի մեխանիզմին։
«Միավորման արտաքին տնտեսական կապերը ամրապնդելու համար ընդունվել է միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին համաձայնագիր։ Այն բաց է բոլոր երկրների համար, թույլ է տալիս նրանց միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցնող բեռնափոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը և բարձրացնել բոլորի համար շատ կարևոր միջսահմանային բեռնափոխադրումների անվտանգության մակարդակը։ Մենք հրավիրում ենք ԱՊՀ գործընկերներին՝ միանալու այս մեխանիզմին», - ասել է Միշուստինը՝ Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։
Միշուստինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «հնգյակի» իր գործընկերների հետ ստեղծում է պայմաններ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ինչը լրացուցիչ առավելություններ է տալիս միության անդամ երկրների քաղաքացիներին և բիզնեսին:
«ԵԱՏՄ-ում մենք լուրջ նշանակություն ենք տալիս հենց արդյունաբերական կոոպերացմանը, մեր պետությունների ընկերությունների համատեղ նախագծերին տրամադրում ենք ֆինանսական աջակցություն միութենական բյուջեից՝ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման տեսքով՝ նման հաստատված նախաձեռնությունների իրականացման համար», - նշել է նա: