.jpg)
Սպորտ, կամք ու հայրենասիրություն․ Սյունիքում կանցկացվի «Դավիթբեկյան խաղեր»-ը․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ
Հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 2-ը Սյունիքի մարզի Կապան համայնքում կանցկացվի «Դավիթբեկյան խաղեր» ամենամյա մրցույթ-փառատոնը։ Միջոցառումն անցկացվում է չորրորդ անգամ՝ «Սեր, Ուժ, Կամք, Միասնականություն» կարգախոսով։
Մրցույթ-փառատոնի նպատակն է բարձրացնել պատանիների ռազմահայրենասիրական ոգին, նպաստել կամային և հոգեբանական հատկանիշների ձևավորմանը, ինչպես նաև խթանել առողջ ապրելակերպը և երիտասարդության մեջ սպորտային մշակույթի զարգացումը։
«Միջոցառման շրջանակում ընդգրկված են ինչպես ֆիզիկական և ռազմական վարժություններ, այնպես էլ ինտելեկտուալ և հոգևոր բաղադրիչներ։ Մասնակից թիմերը պետք է ցուցաբերեն նաև պատմական և հայրենագիտական գիտելիքներ»,-ասաց «Դավիթբեկյան խաղեր»-ի նախագծի ղեկավար Ալինա Գևորգյանը։
Մրցույթին մասնակցելու համար ձևավորվում են թիմեր՝ 10 հոգով, որոնցից առնվազն երեքը պետ է աղջիկ լինի։ Ըստ կազմակերպիչների՝ սա հնարավորություն է ստեղծում ոչ միայն տղաների, այլև աղջիկների համար՝ ներգրավվելու սպորտային, ռազմամարզական և թիմային գործունեության մեջ։
«Դավիթբեկյան խաղերը» առաջին անգամ անցկացվել են 2022 թվականին՝ Դավիթ Բեկի առաջնորդած ապստամբության 300-ամյակի կապակցությամբ։ Այդ օրվանից միջոցառումը դարձել է ամենամյա, իսկ մասնակից թիմերի թիվը տարեցտարի աճում է․ եթե 2022-ին մասնակցել էր 8 թիմ, այս տարի հայտագրվել է 18»,- նշեց Ալինա Գևորգյանը։
Թիմեր սպասվում են Հայաստանի տարբեր մարզերից, այս անգամ թիմեր կան նաև արտերկրից: Նախագծի կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումը միտված է նաև Սյունիքի մարզի ճանաչելիության բարձրացմանը և երիտասարդների շրջանում առողջ, ակտիվ, հայրենանվեր կենսակերպի ձևավորմանը։
«Մեր նպատակներից է նաև դառնալ հարթակ, որ սյունեցին ճանաչի Տավուշի երիտասարդներին, Տավուշը՝ Արագածոտնի, Լոռին՝ Արարատի, և այդպես շարունակ: Ընկերական հարաբերություներով ու ջերմ ճամբարային մթնոլորտում սովորեն կանգնել ընկերոջ կողքին ու կարևորեն ֆիզիկական պատրաստվածությունն իրենց կյանքում»,- եզրափակեց Գևորգյանը:



