Ակրոպոլիս՝ հունական քաղաքակրթության ու մարդկային մտքի կատարելության վկան, պարտադիր այցելության վայր Աթենքում
10/06/2025 18:50

Ակրոպոլիս՝ հունական քաղաքակրթության ու մարդկային մտքի կատարելության վկան, պարտադիր այցելության վայր Աթենքում

Աթենքի օդանավակայանից մոտ մեկ ժամ ճանապարհ դեպի Սինտագմա՝ Սահմանադրության հրապարակ, որտեղից քսան րոպե քայլք՝ ու հայտնվում ես Հին Հունաստանի քաղաքակրթության, արվեստի, փիլիսոփայության խորհրդանիշ Ակրոպոլիսում։

Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հնագույն ամրոց տանող ճանապարհը հեշտ հաղթահարվողներից չէ՝ հատկապես եթե ամռան տապին եք այցելում, չնայած դրան՝ մարդկանց հոսքի պակաս չկա։ Ամեն տարի մոտ ութ միլիոն մարդ է այցելում Ակրոպոլիս, և պատահական չէ, որ Հունաստանի իշխանությունը դեռևս 2023 թվականին որոշում է կայացրել սահմանափակել օրական այցելուների քանակը, ինչպես նաև սահմանափակել ժամում այցելող մարդկանց քանակը, այնպես որ չզարմանաք, եթե տոմս գնեք  և պարզվի, որ դեռ մեկ ժամ պետք է սպասել, մինչև որ ձեզ թույլատրվի բարձրանալ ամրոց։ Ցանկալի է տոմսը գնել նախապես՝ նախատեսված ժամին մուտք գործելու համար։

Պարթենոնի տաճարը Ակրոպոլիսի ամենաշատ որոնվող վայրն է. իմաստության, պատերազմի աստվածուհի, Աթենքի անվանամայր Աթենաս Պալլասին նվիրված տաճարը կարծես հավերժության խորհրդանիշը լինի՝ հազարամյակների խորքից մինչև մեր օրեր Հին Հունաստանի վեհաշուք վկան։ 

Հունական քաղաքակրթության պատմությանն առավել լավ ծանոթանալու համար չի կարելի բաց թողնել Ակրոպոլիսի թանգարան այցելությունը։ Թանգարանում ցուցադրված է չորս հազար նմուշ։

Ակրոպոլիսում հնարավորություն կունենաք նաև հայտնվելու աշխարհի ամենահին թատերական համալիրներից մեկում, որն անվանակոչված է գինու, խրախճանքի աստված Դիոնիսի պատվին։

Ընդհանուր առմամբ երկու-երեք ժամ անցկացնելով Ակրոպոլիսում՝ հնարավորություն է ստեղծվում զգալ հազարմյակների քաղաքակրթության շունչը, հավատալ մարդկային մտքի կատարելությանը՝ դրա քարեղեն մարմնացման անմիջապես առջև կանգնելով։

Հեռանալիս արժե անպայման զգուշորեն բարձրանալ Ակրոպոլիսի հարևանությամբ գտնվող բլրակը, որտեղից ուրվագծվում է Աթենքից սքանչելի տեսարան։

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Ակրոպոլիս՝ հունական քաղաքակրթության ու մարդկային մտքի կատարելության վկան, պարտադիր այցելության վայր Աթենքում