«Ուկրաինայում հրադադարը տարածաշրջանը կվերածի հսկայական Ղարաբաղի, ինչը պատճառ կդառնա միջուկային պատերազմի»․ Մեդինսկի
10/06/2025 12:31

«Ուկրաինայում հրադադարը տարածաշրջանը կվերածի հսկայական Ղարաբաղի, ինչը պատճառ կդառնա միջուկային պատերազմի»․ Մեդինսկի

Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինայի գրավյալ տարածքները համեմատել է Լեռնային Ղարաբաղի հետ՝ ԼՂ-ն անվանելով վիճելի տարածք Հայաստանի և Ադրբեջանի միջև: 

Մեդինսկին հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը կարող է ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպես Լեռնային Ղարաբաղում է:

«Եթե խաղաղության մասին հիմա չպայմանավորվենք, այլ պարզապես կնքենք ինչ-որ զինադադար, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի։ Որոշ ժամանակ անց, Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ կփորձի նվաճել այն, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ: Մենք չենք ցանկանում, որ ստեղծվի նոր չճանաչված Ղարաբաղ, որը պատճառ կդառնա միջուկային պատերազմի համար»,- ասել է նա։  

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է լիարժեք խաղաղություն կնքել՝ նոր տարածքների ճանաչմամբ։

Ադրբեջանի արտգործնախարարությունից արձագանքել են Մեդինսկու հայտարարությանը։ «Մեդինսկու հայտարարությունը, որտեղ ներկայացվում է Ղարաբաղի շրջանը որպես վիճելի տարածք, ափսոսանք և զարմանք է առաջացնում»,-գրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն։  

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ճանաչել և շարունակում է ճանաչել «ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս»:

«Ուկրաինայում հրադադարը տարածաշրջանը կվերածի հսկայական Ղարաբաղի, ինչը պատճառ կդառնա միջուկային պատերազմի»․ Մեդինսկի