Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է
18/06/2025 11:17

Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե։ Aysor.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 

ՔԿ մամուլի խոսնակը որևէ կերպ չի արձագանքում հեռախոսազանգերին՝ տեղեկություններ հաղորդելու, թե քրեական ինչ վարույթ է նախաձեռնվել։

Aysor.am-ը փորձեց տեղեկություն ստանալ նաև Կարապետյանի փաստաբանական խմբից, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սատարող հայտարարությունից հետո երեկ իշխանությունը հետապնդում սկսեց Կարապետյանի նկատմամբ։ Նախ Ազգային ժողովում Փաշինյանի հրահանգով ՔՊ-ականները սկսեցին ելույթներ ունենալ, ապա  իրավապահները գնացին Սամվել Կարապետյանի առանձնատուն՝ նրան բերման ենթարկելու։

Գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց։ Նա կարճ հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում՝ նշելով. «Թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ»։

Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից. ազատման պատճառն այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան առջև։

Հեղինակ`Անի Վարդանյան
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է