.jpg)
«Պիցցա Տաշիր»-ում ստուգումները՝ զուգադիպությո՞ւն, թե՞ թիրախավորում. տեսչական մարմինը պարզաբանում է
Վերջին օրերին գործարար Սամվել Կարապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները՝ քաղաքական հայտարարություններից մինչև կալանավորումը, ստվեր են գցել նաև նրա ընտանիքին պատկանող բիզնեսների վրա։ Հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ն, որի մի շարք մասնաճյուղերում սանիտարահիգիենիկ ստուգումներ են սկսվել, իսկ դրանցից որոշների գործունեությունը՝ կասեցվել։
Տեղեկություններ կան, որ այս գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց ՀԷՑ-ը ազգայնացնելու մասին, իսկ հունիսի 18-ն դատարանը որոշեց Սամվել Կարապետյանին կալանավորել 2 ամսով։
Իշխանական հրահանգ կա՞ր, թե՞ ոչ
Aysor.am-ը այս թեմայով դիմել է Սննդի անվտանգության տեսչական մարմնին՝ պարզելու՝ արդյո՞ք ստուգումները կատարվել են վերևից իջեցված հրահանգով, թե՞ գործ ունենք զուտ ընթացակարգային գործընթացի հետ։
Տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան վստահեցրեց՝ որևէ արտառոց բան տեղի չի ունենում, իսկ ստուգումները սկսվել են դեռևս 10 օր առաջ։
«Մենք արդեն մի քանի անգամ հայտարարել ենք, որ սա ընդամենը համընկնում է, այդ մասին նշել է նաև «Տաշիր պիցցա» ընկերության մարքեթինգի ներկայացուցիչը՝ ասելով, որ իրենք են դիմել ստուգումներն իրականացնելու համար։ Մենք ստուգումները սկսել ենք շուրջ 10 օր առաջ»,- նշում է Հարությունյանը։
10 մասնաճյուղ՝ կասեցված, 17-ում՝ ստուգումներ, 3-ից՝ նմուշառում
Հարությունյանի փոխանցմամբ՝ մինչ այժմ «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող 10 մասնաճյուղի գործունեություն կասեցվել է, 17-ում ստուգումները դեռ շարունակվում են, իսկ 3 մասնաճյուղերից նմուշառումներ են կատարվել՝ փորձաքննության նպատակով։
«Այս պահին էլ երեք մասնաճյուղերում սանիտարահիգենիկ խնդիրներ չեն հայտնաբերվել, սննդամթերքից նմուշառումներ են իրականացվել, տրվել են լաբորատոր փորձաքննության։ Արդյունքները կհրապարակվեն։ Դրանք շարունակում են աշխատել, իսկ եթե խնդիրներ լինեն՝ նոր կկասեցվեն»։
Ի՞նչ ընթացք կունենան արդեն կասեցված մասնաճյուղերը
Ինչ վերաբերում է նախկինում կասեցված մասնաճյուղերին՝ մամուլի խոսնակը պարզաբանեց՝ դրանք դեռ չեն դիմել կասեցումը դադարեցնելու պահանջով։
«Հենց որ դիմեն, մենք անպայման վերստուգում կիրականացնենք։ Եվ եթե բոլոր խախտումները վերացված են, արագորեն կվերսկսեն աշխատել»,- նշեց նա։