«Դերժավա» ընկերությունների խմբի և «Ինտերկոնտինենտալի» հերթական համագործակցությունը. նոր որակ ու նոր ասելիք՝ հյուրանոցային-առողջարանային ոլորտում. (Տեսանյութ)
19/06/2025 18:44

«Դերժավա» ընկերությունների խմբի և «Ինտերկոնտինենտալի» հերթական համագործակցությունը. նոր որակ ու նոր ասելիք՝ հյուրանոցային-առողջարանային ոլորտում. (Տեսանյութ)

Միջազգային հեղինակավոր «Ինտերկոնտինենտալ» (InterContinental) հյուրանոցային ցանցի Holiday Inn-ի ֆրանշիզան 2027-ին ներկայացված կլինի նաև Դիլիջանում՝ «Դերժավա» ընկերությունների խմբի և «Ինտերկոնտինենտալի» համագործակցության շնորհիվ:

«Դերժավա» ընկերությունների խմբի տնօրեն Մարինե Հովակիմյանը նշում է՝ «Դերժավա» ընկերությունների խմբի այս հերթական նախագիծը երկրորդ համագործակցությունն է «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի հետ. «Առաջինը «Քրոուն Պլազա» հյուրանոցն է, որի բացումը, լիահույս ենք, որ տեղի կունենա շուտով։ Երկրորդ համագործակցությունը «Հոլիդեյ Ինն Ռեզորք Դիլիջան» հյուրանոց-առողջարանն է, որը, գործելով Դիլիջանի հիասքանչ բնույթան սրտում, հյուրերին, զբոսաշրջիկներին առաջարկելու է հյուրանոցային բարձրակարգ ծառայությունների փաթեթ»։

Մարինե Հովակիմյանն ընդգծում է՝ այս նախագիծը կյանքի կոչելու համար «Դերժավա» ընկերությունը պատրաստվում է կատարել շուրջ 7մլդ դրամի ներդրում։

«Դերժավա» ընկերությունների խմբի տնօրենի համոզմամբ՝ «Դիլիջան Ռեզորթի»  վերաբացումը մեծ ներդրում կլինի մարզի աշխուժացման և համաչափ զարգացման համար։

 «Դերժավա» ընկերությունների խմբի հետ համագործակցության պայմանագրի ստորագրման համար Հայաստան է ժամանել «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի տարածաշրջանային զարգացման տնօրեն Ալեքսիս Ֆոյիալը։

«Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի տարածաշրջանային զարգացման տնօրեն Ալեքսիս Ֆոյիալը և «Դերժավա» ընկերությունների խմբի հիմնադիր Ստանիսլավ Համբարձումյանը ստորագրեցին պայմանագիր՝ Դիլիջանում «Hotel Intercontinental Resort Dilijan» հյուրանոցային համալիր գործարկելու մասին:

«Ուրախ եմ ողջունել ձեզ այսօրվա արարողությանը, որը խորհրդանշում է «Դերժավա» ընկերության հետ մեր համագործակցության ու գործընկերության ամրությունը և մեր ընդհանուր վստահությունը «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցի ապագայի նկատմամբ։

«Հոլիդեյ ԻՆՆ Դիլիջանը» կլինի վառ օրինակ, թե ինչպես միջազգային չափանիշները, ինֆորմացիայի և փորձի համադրությունը կարող են ստեղծել եզակի զբոսաշրջային արդյունք։ Մենք անկեղծորեն գնահատում ենք «Դերժավա» ընկերության հետ համագործակցությունը, քանի որ այն միշտ բարձր պրոֆեսիոնալիզմով է արվում։

Այս համաձայնագրի ստորագրումը միայն փաստաթղթի ստորագրում չէ, այն ձեռքբերում է հյուրընկալության ոլորտում և սպասարկման որակի կայուն զարգացման գործում»,-շեշտում է Ալեքսիս Ֆոյիալը։

«2008 թվականից սկսած՝ մեր քաղաքացիները և արտերկրից ժամանած հյուրերը քաջատեղյակ են «Դիլիջան Ռեզորթ» հրաշքի մասին։ Տարիների ընթացքում մենք փորձել ենք ընդլայնել մեր հավատարիմ հյուրերի համայնքը՝ ընդգրկելով նաև արտերկրից ժամանող հյուրերի։ Շատ երկար տարիներ ենք աշխատել, ունեցել ենք անխափան գործունեություն և ստեղծել ենք ավելի քան 100 աշխատատեղ»,-նշում է «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի տնօրեն Դիանա Միրզոյանը՝ հավելելով՝ եկել է պահը, որպեսզի նոր շունչ հաղորդեն իրենց մատուցած ծառայություններին։

Դիանա Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ մինչև 2027 թվականը՝ շինարարության ամբողջ ավարտը, «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցառեստորանային համալիրը շարունակելու է իր գործունեությունը. «Շարունակելու է աշխատանքը քոթեջներով, որոնք լիարժեք վերանորոգված են, ինչպես նաև ռեստորանային համալիրով։ Այնպես որ, մենք շարունակելու ենք սպասել և գոհացնել «Դիլիջան Ռեզորթի» մեր այցելուներին»։

Դիլիջանում հյուրանոցային համալիրը տեղայնացնելու է «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի տասնյակ տարիների լավագույն ավանդույթները, ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ. սպա, բացօթյա և փակ լողավազաններ, սրճարան, մանկական խաղահրապարակ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մուտք ու ելք։ Բրիտանական «Ինտերկոնտինենտալ»-ը աշխարհում կառուցել է երկու հարյուր քսանյոթ հյուրանոց, իսկ Հայաստանում Holiday INN-ը կլինի երրորդը, բայց առաջինը՝ առանձնանալով որպես առողջարան (resort)` իր ճարտարապետական և դիզայներական լուծումներով:

Հյուրանոցի գործարկման աշխատանքները նախատեսված է ավարտել 2027-ին: Կարևորելով համայնքի զարգացումը՝ հյուրանոցային համալիրը կապահովի հարյուրից ավելի աշխատատեղ տեղի բնակչության համար։