.jpg)
Ընդդիմության շարքերը լքած Իշխան Զաքարյանը այլևս որևէ քրեական վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի
Նախկինում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ապա խմբակցության շարքերը լքած Ազգային ժողովի անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը ներկայում որևէ քրեական
վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։
Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով, դատախազությունից հետաքրքրվել ենք՝ ի՞նչ գույք, այդ թվում դրամական միջոց բռնագանձելու պահանջ է ներկայացվել նրան ու նրա ընտանիքին։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Իշխան Զաքարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
Կոտայքի մարզում 1 անշարժ գույք,
Երևան քաղաքում 2 անշարժ գույք,
2 իրավաբանական անձում մասնակցության իրավունք,
3,584,156 դրամ և 40,000,000 դրամ ավանդ
7 մլն դրամ փոխառություն
Իսկ առանձին դրամական պահանջը կազմում է 754 մլն 769 հազար 457 դրամ»,- Aysor.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններից ամիսներ անց Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի հոդվածով՝ փողերի լվացում, պաշտոնեական դիրքի չարաշահում և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու: Նրա անշարժ գույքի վրա կալանք էր դրվել, իսկ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու ստորագրությունը։
Այս իրադարձություններից օրեր անց Իշխան Զաքարյանը լքեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Մամուլը գրում էր, որ իշխանության շրջանակներից են Զաքարյանին համոզել դուրս գալ ընդդիմադիր խմբակցությունից, գործել հօգուտ իշխանության, որպեսզի չհայտնվի բանտում։