.jpg)
«Պետք է հրաժարվել «Միմինոյի սինդրոմից»»․ հայ-վրացական տնտեսական պոտենցիալը թերօգտագործված է
Կարծիք կա, որ հայ-վրացական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ասում է Հայաստանի Ներդրումային խորհրդի ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանը՝ պանելային քննարկման ժամանակ։
Նշենք, որ «Տնտեսական լրագրողների ակումբը» Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ Երևանում անցկացրեց պանելային քննարկում «Հայ-վրացական այսօրվա տնտեսական օրակարգը» և «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմաներով։
Թեման շարունակելով՝ ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանն էլ նկատեց․
«Հայ-վրացական տնտեսական պոտենցիալը, եթե չասեմ՝ գրեթե չի օգտագործվում, ապա հանգիստ կարող ենք ասել, որ թերօգտագործված է»։
Նրա ղեկավարած կենտրոնը դեռ անցած տարվա ուսումնասիրության արդյունքում եզրահանգել է, որ կա ոչ միայն ներմուծման աճի, այլ նաև՝ արտահանման պոտենցիալ։
Իսկ «բացը», թերևս, պայմանավորված է գործարար կապերի բացակայությամբ․ դրանք շատ ցածր մակարդակի վրա են։ «Հատկանշանական է, որ երբ խոսվում է հայկական արտահանման մասին, շատերը մտածում են հեռավոր երկրների՝ ԵՄ-ի, ԱՄԷ-ի, Չինաստանի մասին՝ անտեսելով ամենամերձավոր հարևանի շուկան», - նկատում է փորձագետը։
Այսպես, 2024թ-ին Հայաստանից Վրաստան ներմուծման ծավալը կազմել է 237 մլն դոլար: Մինչդեռ 2022թ-ին ցուցանիշը կազմում էր 614 մլն դոլար, դրա մեծ մասը վերաարտահանումն էր։ Մինչ այդ, Վրաստան ներմուծումը կազմում էր 344 մլն դոլար։ Ինչ վերաբերում է արտահանվող ապրանքներին, ապա առաջին տեղում պղինձն է, որը մեծամասամբ վերաարտահանվում է։ Երկրորդ հորիզոնականում թանկարժեք մետաղներն են (նույնպես վերաարտահանման գործարքի մասին է խոսքը)։ Մեծ բաժին են կազմում սիգարետները․ 2024 թվականին արտահանել ենք շուրջ 21,6 մլն դոլարի սիգարետ: Հաջորդ ամենամեծ խումբն ապակյա տարրաներն են մասնավորապես՝ շշերը: Հայկական գործարանները սպասարկում են Վրաստանի սննդի արդյունաբերությանը։
Անցյած տարի Հայաստանը Վրաստանից ներմուծել է 162 մլն դոլարի ապրանք, ինչն ակնհայտ աճ է նախորդ 3 տարիների համեմատ։ Ու, թեև այս մասով կան դրական միտումներ, հիմնական ապրանքների կառուցվածքի առաջին հորիզոնականում տեսնում ենք խաղողի սպիրտը, որը հիմնականում վերաարտահանվում է։ Դրան հաջորդում է ջուրը:
Հատկանշանական է, որ եթե նախորդ տարիներին Հայաստանը Վրաստան էր արտահանում էլեկտրաէներգիա, ապա 2024-ին ՀՀ այդ երկրից ներկրվել է շուրջ 8,9 մլն դոլարի էլեկտրաէներգիա՝ սեզոնային պահանջարկի բացը լրանելու նպատակով։
Ֆանյանի խոսքով, իրականում Հայաստանն ու Վրաստանը պետք է դիտարկվեն որպես մեկ միասնական շուկա։ «Մենք ունենք ազատ առևտրի ռեժիմ Վրաստանի հետ, այսինքն՝ առանց մաքսատուրք առևտուր անելու հնարավորություն, կան լոգիստիկ հնարավորություններ և չօգտագործել այս ներուժը երկու երկրների տնտեսվարողների համար, աններելի շքեղություն է», - ասում է նա։
«Համատեղ ծրագրերի իրականացումը կօգնի մեզ առավել շահավետ դիրքերից հանդես գալ աշխարհում և բերել լուրջ տնտեսական կապերի ձևավորման», - նշում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։
Համատեղ ծրագրերի իրականացումն, այդ թվում նաև երրորդ երկներին ընդհանուր տուրիստական փաթեթի առաջարկի տեսքով, հեռանկարային կարող է լինել նաև տուրիզմի ոլորտում, իր կողմից նկատում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը։
«Պետք է հրաժարվել «Միմինոյի սինդրոմից»՝ աննպատակ, անհեռանկար խոսակցություններից և բանավեճերից առ այն, թե այս կամ այն վանքն ո՞ւմ է պատկանում՝ վրացիներին, թե՞ հայերին, Սայաթ-Նովան հայկական մշակույթի ժառանգությո՞ւն է, թե՞ վրացական, կամ թե ո՞ր երկրի գինին է ավելի հին։ Քանի դեռ կենսունակ է այս բանավեճը, մենք անընդհատ շեղվելու ենք հիմնական առանցքից ու հարցադրումից, արդյո՞ք մենք երկու հարևան ժողովուրդներով բավարար չափով ենք ճանաչում իրար։ Ես կասեմ մենք առհասարակ չենք ճանաչում մեկս մյուսին», - նկատում է Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը՝ կոչ անելով երկու երկրների կառավարություններին՝ այդ ուղղությամբ ծրագրեր նախաձեռնել։