.jpg)
Ձեռնարկատիրության զարգացման միտումներն ու առկա մարտահրավերները Հայաստանում. ամփոփվեցին ձեռներեցության ոլորտի ամենահեղինակավոր հետազոտության արդյունքները. Լուսանկարներ (Տեսանյութ)
Երևանում կայացավ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակման շնորհանդեսը: Այն ձեռնարկատիրության ոլորտի ամենահեղինակավոր և ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որը 1999 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի հավաքագրում և ներկայացնում է ավելի քան 500 ցուցանիշ՝ ամփոփելով համապարփակ տվյալներ և վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից։ Զեկույցը բացահայտում է ձեռնարկատիրության զարգացման միտումները, առկա մարտահրավերները, ինչպես նաև ձեռնարկատիրական էկոհամակարգերի ներուժը՝ տեղական և գլոբալ մակարդակներում։
«Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024/2025» հրապարակումը պատրաստել է «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի» հայաստանյան գործընկերն է:
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը շնորհանդեսի ընթացքում նշեց, որ Հայաստանը 2-րդ անգամ է միանում այս հեղինակավոր նախաձեռնությանը.
«Առաջին մասնակցությունը եղել է 2019 թվականին, երբ զեկույցին միացել էր 49 երկիր: Արդյունքները եղել են 2020 թվականին՝ քովիդի շրջանում, և այդ զեկույցը լայն արձագանք չստացավ։ Այս անգամ Հայաստանում տվյալների հավաքագրումը ներառել է անհատական հարցազրույցներ 2,000 չափահաս (18-64 տարեկան) բնակչության շրջանում և 37 ոլորտային փորձագետի հետ: Անհատական հարցազրույցներն իրականացվել են 2024թ․ ապրիլ-հունիս ժամանակահատվածում»։
Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի կազմմանը մասնակցել է 51 երկիր։ Այդ երկրների թվում են ինչպես մի շարք զարգացող երկրներ՝ Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Եգիպտոս, Հորդանան, այնպես էլ՝ զարգացած տնտեսություններ ունեցող երկրներ` ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Նորվեգիա և այլն:

Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ Հայաստանում անցկացված հետազոտության արդյունքները բավականին հետաքրքիր են.
«Հետազոտությանը Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնել նշանակալի համեմատություններ ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2019թ․ արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում՝ «Արևելյան Եվրոպա+» խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելիության սկզբունքով։ «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 2024/2025» հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ մասնակից 51 երկրից և ավելի քան 2,400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։ Ասեմ, որ հարցումը շատ հետաքրքիր ձևով էր կազմակերպված, քանի որ դա իրականացվում է ամբողջ աշխարհում նույն պահին, նույն մեթոդաբանությամբ»,-ասել է նա։
Հայաստանի ազգային զեկույցը կազմված է 8 գլխից, որոնք ներկայացնում են երկրում ձեռնարկատիրության ընդհանուր մակարդակն ու բաշխվածությունն ըստ բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ոլորտների: Զեկույցն անդրադառնում է ձեռնարկատիրությանը ու ձեռնարկատերերի հանդեպ վերաբերմունքին, բիզնես սկսելու մարդկանց մոտիվացիային, բիզնեսի ազդեցությանը տնտեսության վրա, ոչ ֆորմալ ներդրումներին, բիզնեսից դուրս գալու գործընթացներին, արհեստական բանականության ու թվային գործիքների կիրառությանը բիզնեսում, ինչպես նաև ընդհանուր ձեռնարկատիրական միջավայրին Հայաստանում։

«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրենի գնահատմամբ՝ 2024 թվականին Հայաստանը շարունակում է ցուցաբերել ձեռնարկատիրության բարձր աստիճան («Արևելյան Եվրոպա+» խմբում զբաղեցնում է 1-ին, իսկ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի 51 երկրների շրջանում` 5-րդ տեղը)՝ ձեռնարկատիրությունը դիտարկելով որպես ցանկալի կարիերա։
Սակայն Ջրբաշյանը ձեռնարկատիրության ոլորտում գենդերային խնդիր է տեսնում՝ կանանց ձեռնարկատիրությունը, ի տարբերություն տղամարդկանց, թույլ է զարգացած՝ նույնիսկ իսլամական երկրների հետ համեմատած։
Մասնագետն ազգային զեկույցի շրջանակում դուրս բերված մի շարք հետաքրքիր արդյունքներ թվարկեց, որոնք, նրա խոսքով, կարևոր է հաշվի առնել՝ հետագայում ռազմավարությունների և քաղաքականությունների մշակման ժամանակ։
Այսպես, ձեռնարկատերերի հանդեպ հասարակության շրջանում առկա հարգանքն ու մեդիա շրջանակներում դրական արձագանքը շարունակում են մնալ բարձր մակարդակում: Ձեռնարկատիրության հիմնական շարժառիթը շարունակում է մնալ կարիքը, սակայն հարստություն կուտակելու ձգտումը` որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ, էապես աճել է՝ հատկապես երիտասարդների և քաղաքաբնակների շրջանում: Հայաստանում ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրությունների 44%-ը և կայացած բիզնեսների 53%-ը միանձնյա են։ Կանանց ձեռնարկատիրությունը, ի տարբերություն տղամարդկանց, համեմատաբար թույլ է զարգացած։ Ձեռնարկատիրական միջավայրը բնորոշող ցուցանիշներից ձեռնարկատիրական կրթությունն ամենացածր գնահատականին է արժանացել փորձագետների կողմից։ Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառումն առայժմ ցածր մակարդակի վրա է՝ հատկապես կայացած բիզնեսների շրջանում:
Շնորհանդեսին ներկա էր նաև ACSES Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը, ով կարևորեց զեկույցը` նշելով, որ դա թույլ է տալիս քաղաքականություն մշակող մարմնին, ակադեմիական շրջանակներին հստակ հասկանալ ձեռնարկատիրական մոտիվներն ու մոտիվացիան. «Այն թույլ կտա հստակ քաղաքականություն մշակել, առկա բացերը լրացնել և ավելի արդյունավետ գործիքակազմ մշակել»։
Իսկ «Ամերիա» խորհրդատվական ծառայության գլխավոր հետազոտող, հետազոտական թիմի ղեկավար Արտաշես Շաբոյանն ավելացրեց. «20 տարուց ավելի այս մեթոդաբանության վրա աշխատել են միջազգային հայտնի համալսարնների պրոֆեսորներ, որը թույլ է տալիս վստահ լինել արդյունքների վրա»։