.jpg)
Կոմիտասի աշակերտ և օգնական Սպիրիդոն Մելիքյանի 145-ամյակին նվիրված ցուցադրություն կբացվի
Գրականության և արվեստի թանգարանում հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին կբացվի «Սպիրիդոն Մելիքյան-145» խորագրով ցուցադրությունը, որը կգործի մեկ ամիս։
Ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է կոմպոզիտոր, խմբավար, ազգագրագետ և մանկավարժ, երաժշտության տեսաբան Սպիրիդոն Մելիքյանի 145-ամյակին։
Կոմիտասի աշակերտ և օգնական Սպիրիդոն Մելիքյանը, որը դեռևս Գևորգյան ճեմարանում ուսանելիս աչքի էր ընկնում երաժշտական բնատուր ձիրքով և զարմանալի աշխատասիրությամբ, շարունակեց իր բազմաշնորհ ուսուցչի ստեղծած առաջադիմական ավանդույթը՝ տևական ջանքեր գործադրելով հայ ժողովրդական երգերի ու պարերի հավաքման, ձայնագրման, գեղարվեստական մշակման և ուսումնասիրության ուղղությամբ։ Սպիրիդոն Մելիքյանը համարվել է հայ երաժշտական ֆոլկլորի խոշոր գիտակը Կոմիտասից հետո։ Նա տարված էր հայ պրոֆեսիոնալ երաժշտության զարգացման լայն հեռանկարով և երաժշտական մշակույթի հանրահռչակման երազանքով, որին էլ միտված էր նրա արգասավոր գործունեությունը։
«Սպիրիդոն Մելիքյան-145» ցուցադրության շրջանակում կներկայացվեն վաստակավոր կոմպոզիտորի եռանդուն գործունեության և թողած երաժշտական ժառանգության խոսուն նմուշները՝ ինքնագիր նամակներ, նոտագրություններ, երաժշտական ուսումնասիրություններ, լուսանկարներ, անձնական իրեր, որոնք պատկանում են ԳԱԹ-ի հավաքածուին։