Աշխարհի 20 երկրից և 30 քաղաքից ավելի քան 700 գործարար Հայաստանում է. մեկնարկել է Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորում 2025-ը (Լուսանկարներ, Տեսանյութ)
01/07/2025 16:45

Աշխարհի 20 երկրից և 30 քաղաքից ավելի քան 700 գործարար Հայաստանում է. մեկնարկել է Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորում 2025-ը (Լուսանկարներ, Տեսանյութ)

Հայաստանում մեկնարկել է տարվա ամենամասշտաբային բիզնես իրադարձությունը՝ Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորում 2025-ը։

Աշխարհի 20 երկրից և 30 քաղաքից Մանթաշյանցի շուրջ 400 և ավելի քան 700 գործարարներ ֆորումի շրջանակներում մեկ շաբաթ կքննարկեն համագործակցության հնարավորությունները, միմյանց հետ կապեր ստեղծելու և նոր բիզնես ծրագրեր սկսելու հեռանկարները։

Ֆորումը կազմակերպվում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնությամբ և անցկացվում է արդեն չորրորդ տարին։

Ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ գործարարները կարողանան մտածել և գործել գլոբալ․ «Պետք է հասկանան, որ իրենք գլոբալ ցանցի մի մասնիկն են, իսկ նմանատիպ հանդիպումներն այդ հնարավորությունները տալիս են»։

Միրաքյանը հույս հայտնեց, որ Մանթաշյանց Գլոբալ Բիզնես Ֆորումը մոտ ապագայում կդառնա հայկական Դավոս՝ ընդլայնելով մասնակից և անդամ գործարարների աշխարհագրությունը։ 

«Մեր հիմնական խնդիրն է, որ Մանթաշյանց Գլոբալ ֆորումի օրերին ամբողջ աշխարհից հայ գործարարները միավորվեն և հավաքվեն Հայաստանում։ Մենք աստիճանաբար գնում ենք դրան։ Այս տարի ևս նոր երկրներ կան։ Օրինակ՝ գործարարներ կան Ֆինլանդիայից, Էստոնիայից, Լիտվայից։ Նախկինում չեն եղել մեզ մոտ։ Չինաստանից չինացի և հայ գործարարների մեծ պատվիրակություն է լինելու՝ մոտ 20 հոգի, իսկ ամենից շատ մասնակիցները Մոսկվայից են և Լոս Անջելեսից»,-ասաց նա։

Ակումբի նախագահն օրինակ բերեց, որ նախորդ տարի միայն Գլոբար Ֆորումի շրջանակներում իրենց ակումբի գործարարները շուրջ 20 մլն դոլարի ներդրում են արել Հայաստանում և հույս հայտնեց, որ այս տարի այդ թիվը կկրկնապատկվի։

Մանթաշյանց 100-ի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար և գործարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր մասնակից գործարարների՝ Ֆորում գալու նպատակն է առաջին հերթին ամրապնդել գործարար կապերը Հայաստանի հետ։

«Մանթաշյանցը էթնիկ ակումբ է, այսինքն՝ միավորում է հայ բիզնեսմեններին՝ տարբեր երկրներից և դա գլխավոր չափանիշն է։ Մեր նպատակն է ստեղծել հայ բիզնեսմենների ամենամեծ գլոբալ ցանցը, որը կմիավորի իրենց բիզնես հետաքրքրությունների շուրջ»,-ասաց Քերոբյանը։ 

Նա ընդգծեց, որ ակումբի նպատակն է ձևավորել խոշոր բիզնես համայնք, որը կկարողանա կառավարության հետ նաև լավ երկխոսություն վարել․ «Մեր նպատակը ոչ միայն ներդրումներ ներգրավելն է, այլև կառավարության և այլ մասնակիցների հետ ստեղծել լավ միջավայր՝ մեր բիզնեսի, երկրի տնտեսական զարգացման համար»։

«Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծեց՝ հեռու գնալու համար բիզնեսը չպետք է սահմանափակվի միայն Հայաստանում։ «Հայաստանը փոքր երկիր է, փոքր շուկա ունի, եթե դուք ցանկանաք միայն Հայաստանի ներսում բիզնես անել՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ապա շատ հեռու չեք գնա։ Դրա համար պետք է այդ գործունեությունը լինի գլոբալ, ամբողջ աշխարհով։ Բայց այդ դեպքում նաև խնդիրներ են առաջանում, որովհետև մրցակցությունն էլ է գլոբալ։ Դուք մրցակցում եք աշխարհի հզոր պետությունների հետ։ Դրա համար պետք է այնքան ինովացիոն լինի ձեր առաջարկը, որ կարողանաք մրցակից լինել»,-ասաց նա՝ կարևորելով մասնավոր ներուժի և պետության համագործակցությունը։ 

«Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ակումբի հիմնական նպատակը գործարարների միջև կապեր հաստատելն է և այդ տեսակետից բավական արդյունավետ է։

«Այս տարիների ընթացքում հանդիպել, ճանաչել և ծանոթացել եմ բազմաթիվ գործարարների հետ։ Դա շատ կարևոր փորձառություն է։

Երկրորդ փորձառությունն այն է, որ կարողանում ենք մեր գաղափարները, մոտեցումները, բիզնեսի կառավարման գործիքակազմն իրար հետ կիսել, փոխանակել, կարծիքներ հայտնել ու այս տեսակետից զարգացումն անընդհատ ու շարունակական է»,-ասաց նա և նշեց, որ, բացի այդ, պարբերաբար անցկացավում են տարբեր ուսուցողական ցանցային միջոցառումներ, որոնց ժամանակ կրթվում են՝ շուկայի զարգացումներին տեղյակ լինելով։

Նշենք, որ ֆորումը կանցկացվի ՀՀ-ի 5 քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Ծաղկաձոր։ Միջոցառմանն անցկացվում են բանախոսություններ և պանելային քննարկումներ՝ նորագույն բիզնես միտումների թեմաներով, որոնց մասնակցում են նաև պետական կառույցների ներկայացուցիչներ։

Իսկ Գլոբալ Բիզնես Ֆորում 2025-ի հատուկ հյուրն է միջազգային ճանաչում ունեցող ձեռներեց, բիզնես խորհրդատու և Business Booster աքսելերատորի համահիմնադիր Ալեքսանդր Վիսոցկին։ Նա ֆորումի շրջանակներում իր ելույթով կներկայացնի մաստեր-քլաս «Զրոյից մինչև մասշտաբային բիզնես» թեմայով՝ անդրադառնալով բիզնես աճի հինգ կարևոր փուլերին։

7-օրյա ֆորումին նախատեսված են նաև բիզնես տուրեր՝ Երևան, Լոռի և Կապան քաղաքներում գործող հաջողված բիզնես մոդելների ներկայացմամբ, կանցկացվեն մենթորինգի սեսիաներ և գործնական աշխատարաններ, ցանցային միջոցառումներ, Գալա ընթրիք և մշակութային ծրագեր։