.jpg)
«Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը
Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։
Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը՝ Լոնդոնից։ Կապան միջազգային երաժշտական փառատոնը կավարտվի հուլիսի 15-ին՝ «Սիմֆոնիկ և կոնցերտներ» համերգային ծրագրով։
Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա շեշտել է, որ մշակութային կյանքի ապակենտրոնացումը ՀՀ կառավարության պետական քաղաքականության օրակարգում առաջնային հարց է։ «Կապանի փառատոնն անցկացվում է երրորդ անգամ և արդեն կարելի է այն կայացած համարել, քանի որ հասցրել է իր հատուկ տեղը գրավել Հայաստանի մշակութային կյանքում»,- ասել է Դանիել Դանիելյանը՝ փառատոնի մասնակիցներին մաղթելով հագեցած մշակութային օրեր։
Հուլիսի 14-ին և փառատոնի փակման օրը՝ հուլիսի 15-ին, նախատեսվում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Մարթա Արգերիխի, ինչպես նաև հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանի, Ռուզան Մանթաշյանի և Միքայել Ոսկանյանի և այլ հռչակավոր երաժիշտների մասնակցությամբ։
«Կապան ֆեստ 2025»-ի շրջանակում Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնի դահլիճում ամեն երեկո՝ ժամը 20։00-ին, կանցկացվեն համերգներ և վարպետության դասեր՝ ավելի քան 50 ընտրված երիտասարդ երաժիշտների համար:
Հուլիսի 10-ին փառատոնն առաջին անգամ հանդիսատեսին կներկայանա նաև էլեկտրոնային երաժշտության համերգով՝ համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմի կատարմամբ։
«Կապան ֆեստ 2025-ը» ֆինանսավորվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանում Բելգիայի թագավորության, Շվեյցարիայի ու Արգենտինայի դեսպանատների, «Պիրաստրոյի», «Ամարասի արվեստի դաշինքի», Համազգայինի արևելյան շրջանի, Արսլանյան հիմնադրամի, Գյոթեի ինստիտուտի, MG Concerts-ի, Karas Wines-ի, Gurkha Cigar-ի, GG and Enterprise ընկերությունների, բարերարներ Թոմաս Վանգի և Ռեջինա Սըրի, ինչպես նաև փառատոնի բազմաթիվ այլ բարեկամների կողմից։