ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 8 վիրավորները ճանաչվել են տուժողներ
09/07/2025 14:40

ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 8 վիրավորները ճանաչվել են տուժողներ

Նախօրեին ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով:

Քննչական կոմիտեից Aysor.am-ին հայտնել են, որ վնասվածք ստացած 8 զինծառայողները ճանաչվել են տուժողներ:

«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ ՊՆ-ն երեկ հաղորդեց, որ ժամը 16:00-ի սահմաններում ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածներ կան։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ 

Հեղինակ`Անի Վարդանյան