Մեկը երկու անգամ կարգալույծ է հռչակվել ու առանց արտոնության արտասահման մեկնել, մյուսն էլ ուսումը կիսատ թողած մեկն է. Հ1-ի ֆեյք հոգևորականների հետքերով (Տեսանյութ)
10/07/2025 11:07

Մեկը երկու անգամ կարգալույծ է հռչակվել ու առանց արտոնության արտասահման մեկնել, մյուսն էլ ուսումը կիսատ թողած մեկն է. Հ1-ի ֆեյք հոգևորականների հետքերով (Տեսանյութ)

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույցի էր հրավիրել Նշան Հովհաննիսյանին ու նրան ներկայացրել, իբր, հոգևորական, մինչդեռ, տվյալ անձը 2017 թվականին կարգալույծ է հռչակվել։

Նշան Հովհաննիսյանն, ընդ որում, երկու անգամ է կարգալույծ հռչակվել։

Առաջին անգամ կարգալույծ լինելով՝ նա մեղայականով դիմել է Վեհափառ Հայրապետին՝ վերականգնվելու իր հոգևոր կարգավիճակի և ծառայության մեջ ու նրա համար միջնորդել և երաշխավոր է կանգնել Բագրատ Սրբազանը, երկրորդ անգամ կարգալույծ լինելով՝ ամոթահար է թողել Բագրատ Սրբազանին։

Նշան Հովհաննիսյանի՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում ծառայության տարիների մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում,  մասնավորապես, թե ինչ վատ է վերաբերվել սաների հետ և այլն։

Այդ մասին հայտարարել էր նաև ճեմարանի նախկին սաներից մեկը՝ փակագծեր չբացելով։

Aysor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե ի՞նչն է հիմք հանդիսացել Նշան Հովհաննիսյանին երկու անգամ կարգալույծ անելու համար։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն Aysor.am-ին հայտնել է, որ տվյալ անձն առաջին անգամ կարգալույծ է հռչակվել ծառայության վայրը ինքնակամ լքելու, առանց արտոնության արտասահման մեկնելու և դրանից հետո հրաժարականի դիմում ներկայացնելու համար։

«Իսկ երկրորդ անգամ կարգալույծ է հռչակվել կրկին ծառայության վայրը ինքնակամ լքելու համար»,- նշել է Տեր Եսային։

Այս ֆեյք հոգևորականով չսահմանափակվելով՝ Հանրային հեռուստաընկերությունը երեկ էլ ֆեյք սարկավագի էր տաղավար հրավիրել՝ ոմն Արթուր սարկավագ Կարապետյանի։

Aysor.am-ը պարզել է, որ Հ1 հրավիրված կեղծ սարկավագը որևէ տեղ ծառայություն չի իրականացնում։

«Ինքն իր ուսումը կիսատ թողած մեկն է և որևէ առնչություն չունի հոգևոր ծառայության հետ»,- Aysor.am-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հեղինակ`Անի Վարդանյան
Մեկը երկու անգամ կարգալույծ է հռչակվել ու առանց արտոնության արտասահման մեկնել, մյուսն էլ ուսումը կիսատ թողած մեկն է. Հ1-ի ֆեյք հոգևորականների հետքերով (Տեսանյութ)