.jpg)
Երկու ոխերիմ թշնամիներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, միավորվում են Պուտինի դեմ․ «The Telegraph» (Տեսանյութ)
Վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ սրվել են։ Վերջերս Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանցիներ, որոնք կասկածվում են 25 տարի առաջ կատարված հանցագործությունների հետաքննության շրջանակներում։ Երկու կասկածյալ մահացել է քննչական մեկուսարանում, մնացածները դաժան ծեծի են ենթարկվել։ Ադրբեջանը կոշտ է արձագանքել՝ չեղարկելով ռուսական մշակույթին նվիրված միջոցառումները, խուզարկություններ անցկացրել «Սպուտնիկ» գործակալության գրասենյակում, ինչպես նաև ձերբակալել է ռուս ծրագրավորողների։ Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնչել են «Բաքուն երեք օրում վերցնելու» սպառնալիքներ։
Թեև երկրների միջև լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է, սակայն հարաբերությունների խզումն իրականություն է դառնում և սպառնալիք է ներկայացնում Մոսկվայի համար։ Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ համախմբվում են՝ Պուտինին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։
Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը՝ «Երկու մահացու թշնամիներ միավորվում են Պուտինի դեմ. Հայաստանը միանում է Ադրբեջանին՝ սպառնալով Կովկասի շրջանում Ռուսաստանի վերջին խաղաթղթին» վերնագրով հոդվածում։
Նշվում է՝ հուլիսի 10-ին Ալիևն ու Փաշինյանը հանդիպել են և քննարկել, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։ Այս միջանցքը կդառնա «Միջին միջանցքի»՝ Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային երթուղու մի մասը։
2020 թվականի Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման համաձայնագրի համաձայն՝ երթուղին պետք է գտնվեր Ռուսաստանի Ազգային դաշնային ծառայության վերահսկողության ներքո։ Սակայն այս համաձայնագիրը վտանգի տակ է հայտնվել, քանի որ Ալիևը ձգտում է Մոսկվային դուրս մղել գործընթացից և միջանցքի նկատմամբ սահմանել Ադրբեջանի լիակատար վերահսկողությունը։
«Սա Ռուսաստանի վերջին խոշոր խաղաթուղթն է տարածաշրջանում։ Այն թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և հարաբերություններ կառուցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։ Այս խաղաթղթի կորուստը լուրջ հարված կլինի»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանական հետազոտությունների թագավորական ինստիտուտի միջազգային անվտանգության ծրագրի տնօրեն Նիլ Մելվինը։
The Telegraph-ը նաև հիշեցնում է, որ Փաշինյանն ու Էրդողանը վերջերս հանդիպել են Ստամբուլում, ինչը նշանակալի իրադարձություն է՝ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության ֆոնին։ Էրդողանը նշել է, որ Հայաստանը «ավելի ճկուն մոտեցում» է ցուցաբերում «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ազդեցությանը, ապա, ըստ պարբերականի՝ «այն սկսել է թուլանալ 2023 թվականից, երբ ռուս խաղաղապահներն Ղարաբաղում չեն միջամտել Ադրբեջանի ռազմական գործողությանը։ Այն ժամանակ Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչությունը ստիպված է եղել լքել տարածաշրջանը, իսկ Ադրբեջանը մեղադրվել է էթնիկ զտումների մեջ։ Դրանից հետո Փաշինյանը սկսել է դիմել Արևմուտքին և Բաքվի հետ հաշտության ուղիներ փնտրել՝ համարելով, որ Հայաստանի երկարաժամկետ ապագան վտանգված է, եթե թշնամանք պահպանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Այս դիրքորոշումը Հայաստանում ժողովրդականություն չի վայելում, իսկ Փաշինյանի վարկանիշը համարվում է աշխարհի առաջնորդների մեջ ամենացածրերից մեկը»։
Հրատարակությունը եզրակացնում է, որ այս ֆոնին Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ժամանակին խորհրդային արբանյակներ են եղել, նոր ուղի են ընտրում՝ առանց Ռուսաստանի։