Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին. Զաքարյան
17/07/2025 15:55

Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Երկրորդ օրն է՝ այս ազգադավ նախադասությունը դարձել է ՔՊ-ի մեմ: «Վարչապետը վեհարանն այնպես է ազատելու, ինչպես ազատեց Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից»: Ո՞ւմ է այն ուղղված:

Օտար ուժերի ակտիվ աջակցությամբ, 2018թ. սանձազերծված գունավոր իշխանազավթումը վաղուց արդեն տվել է իր «դառը պտուղները»: Թուրքերն ու ադրբեջանցիները գոհ ու երջանիկ են: Առայժմ:

Թեկուզև իշխանազավթումից ուրախացել էին նաև ներկայիս ընդդիմադիրները, այնուամենայնիվ, կարճ ժամանակ հետո շատերը հասկացան, որ այն փաստացի ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ էր, այլ Արցախի, Հայաստանի և սփյուռքի: Այն Հարավային Կովկասում հայկական գործոնի դեմ էր, այն ցանկացած հայ մարդու դեմ էր, այն նույնիսկ նիկոլական փոքրաթիվ զանգվածի դեմ է:

Բացառապես հայկական շահերի վրա կառուցված իր քաղաքականությամբ, Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին: Այդպես պոպուլիստ ընդդիմադիր Նիկոլը՝ Սերժ Սարգսյանից խլված և իրեն տրված իշխանությունը վերածեց Արցախի, Հայաստանի ու սփյուռքի դեմ տարվող քայքայիչ պայքարի:

Հիմա ասում են, որ նույն բանն անելու են եկեղեցու դեմ: Վեհափառ հայրապետի դեմ սկսված պայքարն իրականում Վեհի դեմ չէ: Հետո այն շատ արագ վերածվելու է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ քայքայիչ պայքարի: Դա այլևս պոպուլիստ Նիկոլը չի, դրանք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերն են՝ ՀՀ դավադիր վարչապետի կատարմամբ:

Եթե եկեղեցու շարքերում ևս լինեն օծյալ Կաթողիկոսի դեմ մղվող պայքարից ուրախացած հոգևորականներ, ինչպես Սերժ Սարգսյանի դեմ պայքարում հրճվում էին այսօրվա շատ ընդդիմադիրներ՝ ուրեմն վայ քեզ առաջին Քրիստոնեական երկիր և վայ քեզ Առաքյալների Սուրբ եկեղեցի:

Հայոց եկեղեցին և նրա հավատավոր զավակները պետք է պահպանեն եկեղեցու ինքնավարությունն այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր պահում Արցախի հայկականությունն ու Հայաստանի կենսական շահերը:

Այլապես, Նիկոլի համար ի՞նչ տարբերություն Տաթևը, Նորավանքը, թե՞ Գանձասարն ու Ամարասը»:

Սերժ Սարգսյանը խանգարում էր թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց արևմտյան տերերի գլոբալ ծրագրերին. Զաքարյան