.jpg)
«Երեմյան ֆերմա». նորարարություն, որ սկսվում է սերմից ու հասնում սեղան (Տեսանյութ, Լուսանկարներ)
Որտե՞ղ է կաթը դառնում վստահություն. այց՝ Տաշիրի ամենամեծ ֆերմա
Հայաստանում գյուղատնտեսությունը հաճախ ընկալվում է որպես ավանդական, ծանր, նույնիսկ հնացած ոլորտ։ Բայց Լոռու մարզի Տաշիր համայնքում այդ պատկերացումները խարխլվում են։ Այստեղ է գտնվում «Երեմյան ֆերման», որը ոչ միայն կաթնամթերք է արտադրում, այլև նոր մշակույթ ստեղծում՝ որակի, պատասխանատվության և նորարարության։
«Երեմյան» ընկերությունների խմբի ֆերմա լրագրողների այցը ցույց տվեց, որ ժամանակակից ֆերման կարող է լինել տեխնոլոգիական, փակ շղթայով աշխատող, խիստ վերահսկվող, բայց միևնույն ժամանակ՝ մարդկային և զարգացող համայնքների կողքին։

Երբ ընկերության պատմությունը սկսվում է պանդոկից
2006 թվականը շրջադարձային էր «Երեմյան» ընկերությունների խմբի համար։ Այդ տարի բացվեց առաջին «Երևան» պանդոկը՝ դնելով հիմքը մի կառույցի, որը տարիների ընթացքում կդառնար համաշխարհային չափանիշներին համապատասխանող բիզնես մոդել՝ համադրելով հյուրընկալությունը, գյուղատնտեսությունը և մասնագիտական կրթությունը։
Այսօր ընկերությունն ունի 19 ռեստորան՝ յուրահատուկ հայեցակարգերով, որոնց բոլորին միավորում է մեկ ընդհանուր սկզբունք՝ բարձրորակ հումք՝ սեփական արտադրությամբ։

Գաղափարը՝ «սերմից սեղան». ռեստորանից դեպի ֆերմա
2019 թվականին ընկերության զարգացման հերթական փուլն էր։ Սկսվեց գյուղատնտեսական գործունեությունը, որի նպատակը սկզբնապես մեկն էր՝ ռեստորանների համար ապահովել այնպիսի կաթնամթերք, որն ամբողջությամբ կհամապատասխաներ ընկերության խիստ չափանիշներին։
«Որոշեցինք ստեղծել մեր կաթնամթերքի արտադրությունը, որպեսզի ռեստորաններին ապահովենք այն կաթնամթերքով, որն անհրաժեշտ կլիներ մեր քմահաճ խոհարարներին», - նշում է «Երեմյան» ընկերություների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանը։

Ստեղծվեց ֆերմա, որի յուրաքանչյուր քայլ՝ սկսած կերի ընտրությունից մինչև պատրաստի կաթնամթերքի փաթեթավորումը, հիմնված է նոր տեխնոլոգիաների և սանիտարական խիստ վերահսկողության վրա։
Նորարարական մտածողություն՝ Տաշիրից
«2022 թվականին «Երեմյան» ընկերությունը Եվրասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացրեց ներդրումային ծրագիր, որի շրջանակում Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվեց ժամանակակից ֆերմա։
32 հեկտար տարածքով տնտեսությունում զարգացվեց թե՛ կաթնատու անասնապահությունը, թե՛ հետագայում՝ խոզաբուծությունը։
2023 թվականի հոկտեմբերին բացվեց տավարաբուծական ֆերման, իսկ դեկտեմբերին՝ խոզաբուծականը։ Այսօր այստեղ պահվում է շուրջ 2500 գլուխ կենդանի»,-պատմում է Արծրուն Խաչատրյանը՝ ընկերության գյուղատնտեսական նախագծերի ղեկավարն ու Տաշիրի ֆերմայի համակարգողը:

Երբ ֆերման լուծում է ոչ միայն արտադրական, այլ նաև սոցիալական խնդիրներ
Ֆերմայում աշխատում է ավելի քան 150 աշխատակից, որոնց զգալի մասը՝ Տաշիրից և հարակից համայնքներից։ Այսպիսով, տնտեսությունը դառնում է նաև կայուն աշխատանքի հնարավորություն՝ համայնքի բնակիչների համար։

«Ֆիզիկական աշխատանքի անհրաժեշտություն ֆերմաներում քիչ կա, հիմնականում օպերատորների աշխատանք է», – նշում է Արծրուն Խաչատրյանը։

Ավտոմատացված գործընթաց, վերահսկվող արդյունք
Այս ֆերմայում ոչինչ պատահական կամ ձեռքով չէ։ Բոլոր գործընթացները՝ սկսած կերի վերահսկումից, կենդանիների խնամքից, կաթի ստացումից մինչև սառեցում, կատարվում են ավտոմատացված, տեխնոլոգիապես հագեցած պայմաններում։
Սա թույլ է տալիս ապահովել փակ արտադրական շղթա՝ «սերմից սեղան» հայեցակարգով։ Ընկերությունը հենց այս մոտեցմամբ է առանձնանում՝ Հայաստանում միակն է, որն աշխատում է այսպիսի փակ շղթա համակարգով։

Երբ կաթը դառնում է որակի չափանիշ
Այսօր «Երեմյան» ընկերության կողմից արտադրվող կաթն ունի A կարգի որակի հավաստագիր՝ միակն իր տեսակով Հայաստանում։
Բացի այդ, ընկերությունը կաթ արտադրող միակ ընկերությունն է, որն ունի FSSC 22000 սննդի անվտանգության սերտիֆիկատ, ինչը վկայում է արտադրության ամենաբարձր չափանիշների պահպանման մասին։

«Մանկական կաթի վկայական ստանալու համար բավական մեծ աշխատանք պետք է տանել։ Մեր կաթը համապատասխանում է բոլոր ստանդարտներին՝ նախատեսված մինչև 18 տարեկան երեխաների համար», – նշում է Լուսինե Երեմյանը։
Թարմ կաթի առաջին կայանը գործարանային լաբորատորիան է, որտեղ սկսվում է կաթի ընդունման և նմուշառման առանցքային փուլը։ Այստեղ կաթն անցնում է կարևոր փուլեր՝ ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և օրգանոլեկտիկ հետազոտություններ։

Պատրաստի արտադրանքը ևս անցնում է մի շարք լաբորատոր և փորձագիտական կարևոր հետազոտություններ։
Մասնագետների կողմից վերջնական հաստատումից հետո պատրաստի արտադրանքները վաճառքի են դուրս գալիս էկոլոգիապես մաքուր և անվտանգ ապակյա տարաներով, որոնք ենթակա են վերամշակման։
60-ից ավելի կաթնամթերքի տեսակ՝ մեկ գաղափարի շուրջ
Տաշիրի ֆերման այսօր ապահովում է 60-ից ավելի կաթնամթերքի տեսականի՝ կաթ, մածուն, պանիր, կարագ, կրեմային արտադրանքներ։ Այս բոլոր ապրանքներն արտադրվում են նույն վերահսկվող շղթայով և ունեն այն որակական հատկանիշները, որոնք բխում են ընկերության՝ մարդուն արժանի սնունդ ապահովելու սկզբունքից։









