.jpg)
Երիտասարդ կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանը շուտով հանրությանը կներկայացնի իր երկրորդ օպերան
Երիտասարդ ու խոստումնալից կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանը վերջերս ավարտեց Բերքլիի Բոստոն կոնսերվատորիան, ընդ որում՝ սահմանված ժամկետից մեկ տարի շուտ: Այս մասին գրել էր Tert.am-ը:
Երիտասարդ կոմպոզիտորը կոնսերվատորիայի կողմից նաև ընտրվել էր որպես խոսնակ՝ ավարտական արարողության ժամանակ ուսանողերի առաջ ելույթով հանդես գալու համար: Իր ուսումը Գրիգորին, սակայն, շարունակելու է Ալմա մատրում՝ արդեն որպես մագիստրոս:

21-ամյա Գրիգորի Բալասանյանն այսօր ճանաչում է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Երիտասարդ կոմպոզիտորի երաժշտությունը տարբերվում է իր հուզական խորությամբ, ազգային ինքնությամբ ու ժամանակակից հնչողությամբ։
Այս հոդվածում մենք կփորձենք ներկայացնել երիտասարդ կոմպոզիտորի անցած ճանապարհն ու ապագայի պլանները:
Մուտք երաժշտության աշխարհ
Գրիգորիի և դաշնամուրի առաջին ծանոթությունը եղավ, երբ Գրիգորին 6 տարեկան էր, դեռ պատանեկան տարիքում Գրիգորին գրեց իր առաջին ծավալուն ստեղծագործությունները։
Իր առաջին երաժշտական ալբոմը նա թողարկեց 10 տարեկանում. «Երբ 12 տարեկան էի, Հայաստանում իմ հեղինակած երաժշտության հիման վրա բեմադրվեց «Ալիսը՝ Հրաշքների աշխարհում» պարային ներկայացումը։ Ներկայացումը բեմադրել են Էլեն Գրիգորյանը և Գառնիկ Մակարյանը:

Իմ առաջին բալետը՝ հիմնված Հայաստանի նախկին առաջին տիկին Նունե Սարգսյանի հեքիաթի վրա, ձայնագրվել է 2019թ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից և պրեմիերան կայացել է 2021թ. Երևանի պարարվեստի պետական քոլեջում; Այն համարվում է հայ երաժշտության պատմության մեջ առաջին մանկական բալետը»,-իր հարցազրույցներից մեկում պատմել է երիտասարդ Գրիգորին:
Ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմերում
2024թ. նոյեմբերի 16-ին՝ Բոստոնում՝ Fenway Opera Club-ի հետ գործակցությամբ հնչեց Գրիգերիի «Լուռ արցունքներ» առաջին օպերան: Այն հիմնված է իրական պատմության վրա և նկարագրում է 44-օրյա պատերազմն ու մի ընտանիքի ճակատագիր: Նոյեմբերի 16-ին այն ներկայացվեց երկու համերգով, երկուսն էլ՝ լեփ-լեցուն դահլիճով: Հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործությունը, ոմանք խորապես հուզված էին երաժշտությունից և օպերայում նկարագրված իրադարձություններից:
Նույն տարվա մարտի 3-ին էլ «Երաժշտական Հայաստան» համերգաշարի շրջանակում Կարնեգի Հոլում տեղի ունեցավ Բալասանյանի դեբյուտը: Երիտասարդ կոմպոզիտորը ներկայացրեց հեղինակային ստեղծագործություններ:
Ուսումը հանրահայտ Բերքլիի Բոստոնի կոնսերվատորիայում
Իր հարցազրույցներից մեկում երիտասարդ կոմպոզիտորը նշել է, որ իր համար անչափ կարևոր է մասնագիտական կրթություն ստանալ ու կատարելագործվել ոլորտի լավագույն կրթօջախբերից մեկում: 2022թ. Գրիգորին ընդունվեց հանրահայտ Բերքլիի Բոստոնի կոնսերվատորիա: Ի դեպ, կրթության համար ֆինանսավորումը երիտասարդ կոմպոզիտորը ստացել է հենց կոնսերվատորիայի կողմից: «ԱՄՆ-ն ինձ հարթակ տվեց երաժշտության մեջ իմ ստեղծագործական ունակությունները զարգացնելու համար: Ես այստեղ ազատ եմ արտահայտելու իմ տեսակետները երաժշտության միջոցով և գնահատում եմ այն, ինչ ինձ տալիս է ԱՄՆ համայնքը: Այստեղ իմ երաժշտությունը թղթի վրա չի մնում։ Միշտ կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են համագործակցել նոր նախագծեր ստեղծելու և ԱՄՆ-ի մշակութային կյանքին նպաստելու համար: Ես գնահատում եմ այս սերը երաժշտության հանդեպ ԱՄՆ-ում և գնահատում եմ այն բոլոր հնարավորությունները, որոնք այս երկիրն ինձ տալիս է իմ ոլորտում առաջադիմելու համար»,-իր հարցազրույցներից մեկում ասել է Գրիգորին:

Առաջիկա նախագծեր
Երիտասարդ կոմպոզիտոր Գրիգորի Բալասանյանը, որին երաժշտության ոլորտի մասնագետներից ոմանք համարում են երաժշտարվեստի նոր Արամ Խաչատրյան, շարունակում է ստեղծագործել՝ աշխարհին ներկայացնելով հայ մշակույթն ու ավանդույթները: Շուտով կոմպոզիտորը երաժշտասեր հանրությանը կներկայացնի իր նոր օպերան՝ «Հռիփսիմյանց կույսեր»-ը:
Լիլիթ Թամրազյան