.jpg)
Ի՞նչ որոշեց դատարանը․ հրապարակվեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթի գործով վերդիկտը (Տեսանյութ)
Դատարանը հրապարակեց Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերդիկտը։
Մեղադրյալ Արամ Նավասարդյանը մեղավոր ճանաչվեց, նրա նկատմամբ խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը, մնաց անփոփոխ։
Դատավճիռը հրապարակվեց քիչ առաջ, իսկ պատժաչափը կորոշվի լրացուցիչ դատական նիստով:
«Այս պահին դատարանը լուծել է միայն մեղավորության հարցը, ինչից տուժող կողմը գոհ է այն իմաստով, որ վերդիկտը բխում է գործով հավաքված և դատարանում հետազոտված ապացույցների ծավալից»,–լրագրողներին ասաց պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
Ասլանյանը նաև հայտնեց, որ հաջորդիվ դատարանն անդրադառնալու է պատժի հարցին։
«Բնականաբար, 244-րդ հոդվածով պատիժ չի նշանակելու, որովհետև 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրօրենսգրքով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելն այլևս հանցագործություն չի, տվյալ արարքն ապաքրեականացված է։ Այդ հիմքով պատիժ չի նշանակի դատարանը, իսկ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, բնականաբար, նշանակելու է պատիժ»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ նշված արարքի համար նախատեսված էր ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով, իսկ նոր Քրեական օրենսգրքում ազատազրկումը 2-ից 5 տարի ժամկետով է, բայց հաշվի առնելով, որ անձի վիճակը վատթարացնող է, բնականաբար, կիրառելի է նախկին Քրեական օրենսգիրքը։