.jpg)
Բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա նույնն անում է եկեղեցու հետ․ Քոչարյան
Ես ճիշտ է՝ շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունը ի՞նչ կապ ունի երկրի անվտանգության հետ, եպիսկոպոսների կուսակրոնության ուխտը ի՞նչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը, Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը, «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանը նկատել է՝ որ, ըստ էության, դա հարձակում է եկեղեցու վրա, ոչ թե Վեհափառի վրա։
«Հիշենք, թե 2018 թվականին ինչպիսի հարձակում եղավ բանակի հրամանատարության վրա, բոլորը հայտնվեցին քրեական գործերի տակ, բոլորը թալանչիներ են, բանակ թալանեցին, էս արեցին, էն արեցին։ Ինքը հո չէր ասում, որ հայկական բանակն է վատ բանակ, ինքը ասում էր՝ այս գեներալիտետը, այս հրամանատարական կազմը գող ու ավազակ են և քանդում են մեր բանակը։ Վերջում մենք ի՞նչ ստացանք, ստացանք այն, որ հրամանատարության նկատմամբ վստահության կորուստը բանակը թուլացրեց այնպես, որ մենք ունեցանք խայտառակ պարտություն պատերազմի ժամանակ։
Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանը այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում։ Ինքը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ։ Ասում է՝ հա, ես հավատացյալ եմ, մեջբերումներ է անում Ավետարանից, տպավորություն է ուզում ստեղծել, որ ինքը ուղիղ կապ ունի Քրիստոսի հետ, իր հարազատն է, բայց նույնը մոդելով, ինչպես քանդել է բանակը, հիմա ինքը ստեղծում է անվստահություն սրբազանների և վեհափառի նկատմամբ, դրանով արդեն իսկ քանդում է եկեղեցու հիմքերը։ Այդ առումով շատ կանխատեսելի է ինքը։ Սա արշավ է եկեղեցու դեմ»,– ընդգծեց Քոչարյանը։