Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Փաշինյանն ու Ալիևը ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպելու են․ պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանում (Տեսանյութ)
04/08/2025 12:30

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Փաշինյանն ու Ալիևը ուրբաթ օրը Վաշինգտոնում հանդիպելու են․ պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանում (Տեսանյութ)

Ադրբեջանական աղբյուրները հաղորդում են, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։

Այս տեղեկությունը տարածել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, ով ապրում է Վաշինգտոնում։

«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության հասնելու իրենց մտադրության մասին։ Աղբյուրները ինձ հայտնել են, որ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին»,-X-ի իր միկրոբլոգում գրել է լրագրողը։

Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ վարչապետի աշխատակազմից, սակայն տեղեկությունը չմեկնաբանեցին։

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը կայացել է հուլիսի 10-ին՝ Աբու Դաբիում։

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը քննարկել էին Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ:

Կողմերը հաստատել էին, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը: