Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման (Տեսանյութ)
08/08/2025 10:20

Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման (Տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի,  ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղավոր ճանաչեց։

Վարդազարյանի նկատմամբ նշանակվեց պատիժ՝ ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով, որպես լրացուցիչ պատիժ՝ տեղական կամ պետական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկեց 2 տարի ժամկետով։

ԲԴԽ նախկին նախագահի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, մնաց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Դատավճիռը կարելի է բողոքարկել՝ այն ստանալու օրվանից մեկ ամիս ժամկետում՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ 

Ռուբեն Վարդազարյանը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր՝ դատավոր Վահե Դոլմազյանը պատվեր է ստացել ու փորձում է կատարել։

«Ինձ այդպես է թվում, թող դատավորն ապացուցի, որ այդպես չէ, ես մեծ սիրով կընդունեմ իմ սխալն ու ներողություն կխնդրեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Վարդազարյանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար:

Նա, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ, ապա նշանակվեց ԱԱԾ տնօրեն։

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով իրեն է դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաև ձայնագրություն. Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոց կալանավորումը։

Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման (Տեսանյութ)