Ժողովուրդը հաղթելու միայն մեկ տարբերակ ունի՝ միավորել բոլոր ռեսուրսները և կասեցնել խայտառակ այս ընթացքը․ Մելիք-Շահնազարյան
12/08/2025 18:24

Ժողովուրդը հաղթելու միայն մեկ տարբերակ ունի՝ միավորել բոլոր ռեսուրսները և կասեցնել խայտառակ այս ընթացքը․ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․

«Սրբազան Պայքարի գործով ներգրավված փաստաբանները կարևոր բացահայտումներ են անում Բագրատ Սրբազանի և նրա թիմակիցների դեմ կարված քրեական գործի վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, գործի նախաքննությունն ավարտվել է, և պաշտպանական թիմը ստացել է իրական՝ տարատեսակ իրավապահ մարմինների կողմից չմոնտաժված ձայնագրությունները հրապարակելու հնարավորություն։ Ու ամենևին զարմանալի չէ, որ Նիկոլի իշխանությանը ծառայող կառույցների մոնտաժն ու մարդկանց խոսքերը կոնտեքստից դուրս ներկայացնելու խղճուկ փորձերն արագ բացահայտվում ու մերկացվում են։

Սա սպասելի էր։ Անսպասելին մարդկանց զարմանքն է։ Մեր ժողովուրդն իսկապես միամիտ է։ Բառի լավ իմաստով՝ միամիտ։ Մեծամասամբ լինելով ազնիվ ու արժեքներ կրող՝ մեր հասարակությունը զարմանում է, թե ո՞նց է կարելի անմեղ մարդուն շինծու մեղադրանքներով կալանավորել։ Այն էլ՝ բարձրաստիճան հոգևորականի, այն էլ՝ քաղցկեղով տառապող երիտասարդի, այն էլ՝ շատ ազնիվ ու իրապես ազգասեր երիտասարդ կնոջ…

Մարդիկ չեն կարող հավատալ, որ իշխանությունն այդքան պիղծ ու դաժան է։ Մարդիկ նաև չեն կարող հավատալ, որ իշխանությունը որևէ կարմիր գիծ չունի ու ոչ մի խաղի կանոնի չի հետևում։ Բոլոր այդ կանոնները գրված են ժողովրդի համար, ընդդիմության, Բագրատ Սրբազանի, Արթուր Սարգսյանի, Լիդյայի… բոլոր բոլորի համար, բացի իշխանություններից։

Որովհետև սա իրավական գործընթաց չէ։ Սա նույնիսկ քաղաքական պայքար չէ։ Սա ամենասովորական բռնաճնշում է։ Եվ այստեղ կա երկու կողմ՝ բռնապետություն կառուցող (կառուցած) իշխանություն և ժողովուրդ։ Ընդ որում, իշխանությունը չունի գործիքների պակաս, իսկ ժողովուրդը կապված է հազար կապանքներով։ Իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, իսկ ժողովուրդը նստած՝ քրեական օրենսգիրք է ուսումնասիրում, որ հանկարծ մեկ բառ ավելին չասի ու չկալանավորվի։

Միայն անմարդկային, անբարո, անարժեք իշխանությունը կարող էր այսպիսի շինծու գործով կալանավորել, օրինակ, Մանթաշյան Լիդյային։ Աղջիկն արդեն գրեթե երկու ամիս կալանավայրում է։ Ինչու՞։ Երկու պատճառ կա։ Նախ, որովհետև Լիդյան ազնիվ է ու հայրենասեր և երկրորդը, որովհետև իշխանությունն այն է, ինչ նոր ասացի՝ անմարդկային, անբարո, անարժեք։

Եվ ժամանակն է արդեն, որ հասարակությունը հստակ հասկանա, թե ինչ է կատարվում մեզ հետ։ Անհավասար այս պայքարում ժողովուրդը հաղթելու միայն մեկ տարբերակ ունի՝ միավորել բոլոր ռեսուրսները և կասեցնել խայտառակ այս ընթացքը։ Եվ դա պետք է սկսել Լիդյայի խնդրին լուծում տալուց։

Մի քանի օր առաջ գրել եմ, որ Աղվան Արշակյանը մեր ժողովրդի պատիվն է։ Այսօր արդեն կասեմ, որ Լիդյան է մեր պատիվը։ Նաև Իգորը, Տիգրանը, Արմենը, Մովսեսը, Վահագնը, Հայկը, Արթուրը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը…»։

Ժողովուրդը հաղթելու միայն մեկ տարբերակ ունի՝ միավորել բոլոր ռեսուրսները և կասեցնել խայտառակ այս ընթացքը․ Մելիք-Շահնազարյան