Արցախի տարեցների աջակցության նոր սրճարաններ՝ չորս մարզում
25/08/2025 11:14

Արցախի տարեցների աջակցության նոր սրճարաններ՝ չորս մարզում

Ալցհայմերի խնամք Հայաստանն (Alzheimer’s Care Armenia) ընդլայնում է «Աջակցության սրճարաններ Արցախի տարեցների համար» ծրագիրը՝ դրանում ընդգրկելով նաև Լոռու, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերը։

 

 

Ծրագիրն իրականացվում է «Հայ Կանանց Բարօրության Միության» (AWWA) աջակցությամբ և հիմնված է տարեսկզբին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) ֆինանսավորմամբ մեկնարկած փորձնական նախագծի հաջողության վրա: Աջակցության սրճարանը զգալի դրական ազդեցություն է ունեցել Արցախից տեղահանված տարեցների հոգեկան առողջության վրա՝ դառնալով անվտանգ տարածք, որտեղ նրանք կարող են շփվել, վերականգնվել և սփոփել կարոտի զգացումը հայրենի վայրից հարկադիր տեղահանումից հետո։ «Տարեցների համար, որ կորցրել են գրեթե ամեն ինչ, Աջակցության սրճարանները միայն հանդիպման վայր չեն, այլ ապաքինման, արժանապատվության ու պատկանելության զգացումի վերագտման հնարավորություն։ Ամեն մի կիսված պատմության ու ժպիտի մեջ մենք տեսնում ենք դիմացկունություն, հույս և մարդկային շփման և կարեկցանքի կարևորությունը»,-ասում է ACA-ի հիմնադիր, ծերաբույժ Ջեյն Մահաքյանը՝ ավելացնելով, որ ծրագրի նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ դեմենցիա ունեցող մարդիկ կկարողանան գտնել մխիթարություն և ընկերակցություն:

Արցախի ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախատեսված անվճար սրճարանները գործելու են հետևյալ քաղաքներում՝ Վանաձորում (Տիգրան Մեծ 24, հեռ. 093 623 042), Էջմիածնում (Մովսես Խորենացի 2/41, հեռ.043 777-905), Աբովյանում (Հանրապետության 30, հեռ. 093 488-055) և Արարատում (Շահումյան 58/4, հեռ. 094 642-606): ACA-ի թիմի խոսքով՝ սրճարանները կարևոր դեր կխաղան Արցախի տարեցների հոգեբանական վիճակի բարելավման հարցում՝ տրամադրելով անվտանգ տարածք՝ շփման, փորձի փոխանակման և անհրաժեշտ աջակցություն ստանալու համար։

Արցախի տարեցների աջակցության նոր սրճարաններ՝ չորս մարզում