Առանձին տնտեսվարողներ նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողներ․ ՊԵԿ
30/08/2025 17:35

Առանձին տնտեսվարողներ նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողներ․ ՊԵԿ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել․

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստանում է ազդակներ, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում և բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ, որպես ապրանքների ստացող կողմ, նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են:

Նման գործողության արդյունքում` հետագայում այդ ապրանքները ստացող երկրում հայտվում են ստվերային շրջանառության մեջ և դուրս են մնում հսկողությունից:  Խնդիրն առավել ընդգծված է ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ արտահանման գործընթացում:

Նման վարքագիծը հանգեցնում է նաև ստացող երկրի անցման կետում (օրինակ` Վերին Լարս) ուժեղացված հսկողության (այդ թվում` բարեխիղճ արտահանողների նկատմամբ) և բացի այդ, տվյալ երկրի պատկան մարմինների կողմից նման հանգամանք պարզվելու դեպքում` այդ ապրանքները վերադարձվում կամ արգելապահվում են:

​Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է ՀՀ արտահանողներին բացառել գործարքի հնարավոր ոչ իրական կողմի անվամբ փաստաթղթերի կազմումից և նման սուբյեկտների անվամբ ապրանքների ձևակերպումից»:

 

Առանձին տնտեսվարողներ նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողներ․ ՊԵԿ