.jpg)
Եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի, կդիմենք ՄԻԵԴ. Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբ
ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում է Վճռաբեկ դատարանում բոողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժվել է Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխելու վերաբերյալ բողոքը։
Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի խոսքով՝ եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի, իրենք կդիմեն Եվրոպական դատարան:
Ըստ փաստաբանի, տվյալ գործը իրավական ֆարս է հիշեցնում, քանի որ Վարդան Հարությունյանի անհիմն կալանավորումից հետո փորձ է արվում վերաբացել տարիներ առաջ փաստերի բացակայության հիման վրա փակված գործը։ Ավելին, նախկին վարույթով քննվել և արդեն իսկ հերքվել է Վարդան Հարությունյանի և «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապի առնչությունը։
«Այս տարիների ընթացքում տվյալ գործի հետ կապված որևէ նոր փաստ ի հայտ չի եկել։ Թե ինչու է գլխավոր դատախազը որոշել վերաբացել տվյալ գործը, առանց նոր ի հայտ եկած հանգամանքի, անհասկանալի է։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ նախորդ քննության ժամանակ որոշակի գործողություններ չեն իրականացվել։ Բայց սա ուղղակի աբսուրդ է։ Նման տրամաբանությամբ ցանկացած փակված գործ կարող է տարիներ հետո կամայականորեն վերաբացվել։ Այդ դեպքում ու՞ր են մնում պետության կողմից քաղաքացուն տրված երաշխիքները»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Վարդան Հարությունյանը 2025թ. օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում: Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումները սկսվել են հայ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումների ժամանակ՝ վերջինին հրապարակային աջակցելուց անմիջապես հետո: