.jpg)
«Եթե պարզաբանումներ չլինեն, ես եմ փակագծերը բացելու»․ Նժդեհ Իսկանդարյանն՝ իր նկատմամբ հետապնդումների մասին
Այս գիշեր կոտրել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան՝ պատճառելով գույքային վնաս։
«Այս պահին սպասում եմ՝ ոստիկաններն ինչ-որ բան կպարզե՞ն, թե՞ չէ։ Որոշ հարցեր կան ինձ համար, արդեն պարզել եմ։ Եթե առաջիկա օրերին որոշակի պարզաբանումներ չլինեն նրանց կողմից, հաջորդ շաբաթ ես եմ այդ փակագծերը բացելու»,- 168․am-ի հետ զրույցում գիշերվա միջադեպին անդրադառնալով՝ նշել է Արցախի Հանրապետության՝ վերջերս նշանակված պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
Նա զուգահեռներ է տարել իր հանրային ակտիվության, հանրահավաքների ու դրան հաջորդող իրադարձությունների միջև։
Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ մամուլը գրել էր Նժդեհ Իսկանդարյանի նկատմամբ հետապնդումների մասին։
Վերջին դրվագն իրավապահ մարմինների կողմից Իսկանդարյանին պատկանող ՍՊ ընկերության ողջ փաստաթղթաշրջանառությունը հետախուզելն էր։ Նժդեհ Իսկանդարյանին պատկանող բեռնատար մեքենաների վարորդներին էին կանգնեցրել, մեքենաներն առգրավել, վարորդները հայտնվել էին ՊԵԿ-ում, իսկ դրան հաջորդել էին իր և իր մոտ աշխատող ընկերների հարցաքննությունները։
«Անցած հանրահավաքից հետո իմ ընկերներին բաժիններ տարան, անցյալ տարվա գործը բացեցին, երկրորդ հանրահավաքից հետո էլ՝ ուղիղ հաջորդ օրը, ինձ մոտ են գալիս Աշխատանքի տեսչական մարմնից, ասում, թե գործը ՊԵԿ-ից ուղարկվել է իրենց, գործը վարույթ են ստացել, ինձ մոտ աշխատած ընկերներիս մասով ամսի 12-ին լսումներ են լինելու։ Ու այս գիշեր այս միջադեպն է տեղի ունենում։ Չգիտեմ՝ իրականում զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ, թող պարզվի»,- այս առնչությամբ ասել է Նժդեհ Իսկանդարյանը։
Հստակեցնող հարցին՝ այսինքն՝ տեղի ունեցածն ուղիղ ձեր գործունեության, ձեր ակտիվության հե՞տ եք կապում, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանել է․
«Ներքին համոզում ունեմ, որ՝ այո, որովհետև այսօր որոշ բաներ են տեղի ունեցել, ինչն ինձ համար ցուցիչ է դարձել։ Եթե ոստիկաններն այդ գործը չբացեն, առաջիկայում՝ հաջորդ շաբաթ, ես եմ փակագծերը բացելու»։