.jpg)
Վերլուծել ենք սխալները․ Թիկնիզյան
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ընտրանու պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
«Ինքնազգացողությունս լավ է։ Պորտուգալիայի դեմ խաղալը շատ մեծ փորձ էր։ Արդյունքը բացասական էր, կարծում եմ՝ պետք է մոռանանք այդ հանդիպման մասին, բայց մենք վերլուծել ենք սխալները։
Վերլուծել ենք նաև Իռլանդիայի հավաքականի խաղը, բայց ճիշտ չի լինի հիմա խոսել մրցակցի ուժեղ և թույլ կողմերի մասին։ Հուսով եմ, որ հավաքականում գլխավոր մարզիչները այլևս հաճախ չեն փոխի և կհասցնենք աշխատել ամենաքիչը մեկ տարի։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, ովքեր մարզադաշտում աջակցում էին մեզ Պորտուգալիայի հետ խաղում։ Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է, կուռք, և եթե որոշ երկրպագուներ որոշել էին նրան ծափահարել, ապա դա սարսափելի չեմ համարում։ Հուսով եմ, որ վաղվա խաղում կկարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին»,– նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Թիկնիզյանը։
Աղբյուր՝ armsport.am