.png)
Խոստացել են ջուր տալ
Կոտայքի մարզում այսօր լարված իրավիճակ էր, Նոր Գեղիի և հարևան մի քանի գյուղերի բնակիչները փակել էին Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհը, ինչի հետևանքով մի քանի կիլոմետր խցանում էր առաջացել։ Պատճառը երկար ժամանակ ոռոգման ջրի բացակայությունն է։
Բնակիչները նշում են, որ արդեն մի քանի շաբաթ է՝ չեն կարողանում դաշտերը ջրել, արդյունքում բերքն ամբողջությամբ փչանում է։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Նոր Գեղի վարչական շրջանի ղեկավար Արմեն Բաբախանյանը նշել է՝ ճանապարհն օրվա երկրորդ կեսին բացվել է, քանի որ բնակիչներին «Կոտայք» ՋՕԸ-ի աշխատակիցները խոստացել են, որ վաղը ջուր կտան ու էլ նման խնդիր չի լինի։
«Ես չգիտեմ՝ երբ են գյուղացիները ջուր արել, բայց 20 օրը մեկ խնձորի ծառը ջուր է ուզում, հիմա ջուրը սակավ է, մեր մոտ էլ այգները շատ են, մարդիկ հերթականությամբ են ջրում, արդյունքում գյուղացիներ կան, որ 20 օրից ավելի է՝ չեն կարողանում ջրել։ Թե վաղը որ ժամին կլինի ջուրը՝ չեմ կարող ասել, բայց հավաստիացրել են, որ կլինի»,-ասել է նա։
Իսկ ակցիայի մասնակիցները այսօր հայտարարել են, որ կդիմեն վճռական քայլերի, եթե նորից իրենց խաբեն։