Գերմանիան շարունակելու է աջակցել խաղաղության գործընթացին
12/09/2025 12:45

Գերմանիան շարունակելու է աջակցել խաղաղության գործընթացին

Տեղի է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդպումը Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հետ։ Զրույցի հիմնական թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրն էր։ Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից:

Արմին Լաշեթը մասնավորապես նշել է.  «Լավ է, որ երկու երկրներն ընտրել են խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղին։ Խաղաղության համաձայնագրով ավարտվում է գրեթե քառասուն տարի տևած հակամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ։ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները այս քայլով օգտագործել են հնարավորությունը՝ ավարտելու տարածաշրջանում մարդկանց տառապանքն ու հույս ներշնչելու ավելի լավ ապագայի համար։ Համաձայնագիրը նպաստում է նաև կայունացնել ամբողջ Կովկասյան տարածաշրջանը և նոր ուղիներ է բացում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Գերմանիան շարունակելու է աջակցել խաղաղության և հաշտեցման գործընթացին երկու կողմերում»։

ՀՀ դեսպանը, իր հերթին, նշել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները շահեկան են թե՛ տարածաշրջանի երկրների և թե՛ Եվրոպական միության համար: «Փոխվել են խաղի կանոնները, հակամարտության տրամաբանությանը փոխարինելու է համակողմանի համագործակցության տրամաբանությունը, իսկ այդ համագործակցությունից կշահեն բոլորը»,- հավելել է դեսպան Ենգիբարյանը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Գերմանիան շարունակելու է աջակցել խաղաղության գործընթացին